Ավելի վաղ հայտնել էինք, որ «Թալին» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել։ Նշվել էր, որ բուժառուն Արագածոտնի մարզի գյուղերից մեկի 29-ամյա բնակչուհին է, ով հիվանդանոցում «արտարգանդային վիրահատություն» է ունեցել և ժամը 12:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում, ինքնազգացողության վատացում է ունեցել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Iravaban.net-ը 29-ամյա կնոջ և տեղի ունեցածի մասին մանրամասներ իմանալու նպատակով խոսել է Արագածոտնի մարզի Շղարշիկ վարչական շրջանի ղեկավար Արաբո Հարությունյանի հետ։
Նա նշել է, որ կինը բնակվում էր Շղարշիկում, ամուսնացած էր, ուներ 3 երեխա, մեծը տղան 7 տարեկան է, աղջիկներրը՝ 4 տարեկան և 7 ամսական։
«Վիրահատություն է եղել, որից 2 օր հետո մահացել է։ Բժիշկների մեկնաբանությամբ ինչ-որ թրոմբ է պայթել, դա է եղել մահվան պատճառը»,-ասել է նա։
Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Թալինի բժշկական կենտրոնից, որտեղ 29-ամյա կինը հետվիրահատական ստացիոնար բուժման մեջ է գտնվել մինչև մահը վրա հասնելը, առգրավվել են նրան վերաբերող բժշկական փաստաթղթերը։
Կատարվում են նաև այլ անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, մահվան պատճառները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,-հայտնել էր ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։