Սպանվածի մայրն արկղ է ուղարկել ամբաստանյալին, որի մեջ նրա երեխայի լուսանկարներն են եղել, և բացիկ՝ «մարդասպան» գրությամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ տեղի ունեցավ սպանության համար մեղադրվող Էռնեստ Ենոքյանի գործով դատական նիստը։ Դատավարության մասնակիցները դեմ չեն եղել նիստի տեսանկարահանմանը և լուսանկարահանմանը։

Ըստ մեղադրանքի՝ 2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Էռնեստ Ենոքյանը ապօրինաբար կյանքից զրկել է Ադրիաննա Գառնիկի Լիմային, որից հետո հրկիզման եղանակով վնասել է սեփականության իրավունքով Արթուր Ռաֆիկի Սարգսյանին պատկանող բնակարանը՝ պատճառելով խոշոր չափերի՝ 3.466.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նշվում է, որ 2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրիաննա Լիմային նախկինում պարտքով տրամադրած 400.000 դրամ գումարը հետ պահանջելու նպատակով այցելել է նրա կողմից վարձակալած, Արթուր Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցի 1-ին շենքի թիվ 59 բնակարան: Գումարի հարցի շուրջ ունեցած խոսակցության ընթացքում Ադրիաննա Լիման Էռնեստ Ենքոյանին հայտնել է, որ նրան պարտք է ընդամենը 100.000 ՀՀ դրամ գումար:

Գումարի հարցի հետ կապված Էռնեստ Ենոքյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ադրիաննա Լիմայի հասցեին, որն էլ վերջինս, ցավագին ընդունելով և բնակարանից վերցնելով դանակը, փորձել է Էռնեստ Ենոքյանին դանակի սպառնալիքով դուրս հանել բնակարանից:

Այդ ամենը տեսնելով՝ Էռնեստ Ենոքյանը Ադրիաննա Լիմայի ձեռքից վերցրել է դանակը, և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան։ Հասցված վնասվածքների հետևանքով Ադրիաննա Լիման դեպքի վայրում մահացել է:

Էռնեստ Ենոքյանն իր մոտ առկա կրակայրիչով այրել է Ադրիաննա Լիմայի ննջասենյակի հագուստները, որից հետո բանալիով փակելով բնակարանի դուռը՝ դիմել է փախուստի։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս գործով դատական նիստը սկսվեց նշանակված ժամից մոտավորապես կես ժամ ուշ՝ կալանավորված ամբաստանյալին դատարան ուշ բերելու պատճառով։

Ուղեկցողը նշեց՝ ծանրաբեռնվածությունն է հիմնական պատճառը, և դա միայն այս դատարանում և այս նիստում չէ, կան շատ դատարաններ, որտեղ կրկին նման դեպքեր են գրանցվում՝ ծառայության, մեքենայի ռեսուրսների հետ կապված խնդիրներից ելնելով։

Նիստը սկսեց շատ լարված, քանի որ մեղադրյալի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը դատարանին հայտնեց, թե արդեն մի քանի անգամ տուժողի ռեպլիկները չեն դադարում, այս նիստի սկսելուն պես ևս ռեպլիկները շարունակվում են։ Նախորդ դատական նիստից հետո, ինչպես հայտնեց պաշտպանը, տուժողը արկղ էր ուղարկել, որի մեջ նրա երեխայի լուսանկարներն էին և բացիկ՝ «մարդասպան» գրությամբ։

Տուժող կողմի ներկայացուցիչը՝ մահացածի մայրը, բարկացավ՝ ասելով, որ թող գոհ լինեն՝ այլ բաներ չի ուղարկել, միայն դա է ուղարկել։

Պաշտպանը նշեց, թե այս հայտարարությունները, ստացված լուսանկարներն իրենց գրություններով, պետք է ընդունել որպես հաղորդում և համապատասխան գործողություններ իրականացնել։

Սպանվածի մայրն ի պատասխան պաշտպանի հայտարարությանը՝ ասաց․ «Փաստաբանը կապ չունի էս ամեն ինչի հետ, ուղարկել եմ դա իրենց

 տուն Զատիկի օրը։ Իմ 28 տարեկան երեխային մորթել է դաժանաբար, ու ես իրեն ոչ մի բան չանե՞մ։ Ինքը թալանել է իմ երեխային, հեռախոսներն ութ ամիս չկան, ամսի 22-ին հեռախոսն աշխատել է, մինչև հիմա քննիչը չի զբաղվել այդ գործով։ Ես այնտեղ եմ ապրելուց եղել, 2 ժամով եմ դուրս եկել տնից, պիտի ինձ էլ սպանե՞ր։ Մի օր էլ ուրիշ բան կուղարկեմ, սպասեք»։

Իրավիճակի վերաբերյալ նախագահող դատավորը նշեց՝ դատարանն ունի սանկցիաներ կիրառելու հնարավորություն, սակայն փորձում են ամեն կերպ տանել իրադրությունը դեպի փոխըմբռնման դաշտ։

Նիստի ընթացում հանրային մեղադրողի կողմից ներկայացվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է հրշեջ ծառայություն ավտոմեքենան մոտենում շենքին, որում այրվում էր բնակարանը, մյուս սկավառակը համակարգչի ծրագրի խափանման պատճառով չկարողացան դիտել, դատախազն այն հաջորդ դատական նիստին կներկայացնի։

Հանրային մեղադրողը ծրարների մեջ դատարանին ներկայացրեց իրեղեն ապացույցներն ու նշեց, որ դրանց մեջ են Էռնեստ Ենոքյանի արյան նմուշը, ձախ և աջ ձեռքերի հետքերը, մատնահետքեր, դեպքի վայրից վերցված նմուշներ, պայուսակ՝ իր ողջ պարունակությամբ, դանակի շեղբի փոքր կտոր, այլ իրեղեն ապացույցներ։

Այս նիստով հարցաքննվեցին գործով ներգրավված երկու վկա։ Առաջին վկան Լևոն Սարուխանյանն էր։ Վկան հայտնեց, որ դատավարության մասնակիցներից ոչ ոքի չի ճանաչում, տուժողի մայրն էր միայն զանգահարել իրեն՝ իրավիճակի վերաբերյալ մանրամասներ իմանալու համար։

Հանրային մեղադրողը հարցրեց՝ ճանաչու՞մ է Ադրիաննա Լիմային, վկան ասաց՝ ճանաչում է նրան, մի քանի անգամ օգտվել է վերջինիս տրամադրած ծառայություններից, վերջին անգամ սպանվածին տեսել է դեպքի օրը հենց նրա բնակարանում։ Հարցին, թե լարվածություն նկատել է վերջինիս մոտ, թե ոչ, վկան ասաց՝ անհանգիստ է եղել, զանգեր ստացել է, բայց չի պատասխանել։ Դեպքի մասին տեղեկացել է երեկոյան, իսկ մեղադրյալին չի ճանաչեում։

Հաջորդիվ հացաքննվեց վկա Աննա Գրիգորյանը, նա նշեց՝ դատավարության մասնակիցներից բնակարանի սեփականատիրոջն է ճանաչում միայն։ Վկան հայտնեց՝ իրենց բնակարանները կողք կողքի են գտնվում, դեպի օրը ինքը տանն է եղել։

Բնակարանի սեփականատիրոջ՝ Արթուր Սարգսյանի տանը իրեն ներկայացել է Ադրիաննա անունով աղջիկ, ինքը միայն դա է իմացել։ Դեպքի օրը Փրկարար ծառայություն ինքն է զանգահարել, տեսել է նրանց պատուհանից եկող ծուխը, դրսից կանչել է Ադրիաննային, սակայն պատասխան չի ստացել, բնակարանի դուռը փորձել է բացել, չի ստացվել։ Դեպքից կես ժամ առաջ, ըստ վկայի տեղեկության, տարօրինակ ձայներ որպես այդպիսին չի լսել, բայց որոշակի ձայներ հնչել են։ Լսած ձայներն ավելի շատ կանացի ձայներ են եղել, իսկ Ադրիաննայի դին ինքը չի տեսել։

Վկայի խոսքով՝ բնակարանից աղմուկ երբևէ չի լսել, իրենց չեն անհանգստացրել։ Վկաների հարցաքննությունն ավարտվեց, հաջորդ դատական նիստին կհարցաքննվի ևս 4 վկա։

Դատական նիստի ավարտին Iravaban.net-ի հետ զրույցում տուժողի մայրը հայտնեց՝ խնդիր կա քննիչի աշխատանքի իրականացման հետ կապված․ «Դանակը չի գտել, հեռախոսներն ութ ամիս է՝ չկան, 2023-ի օգոստոսի 20-ին Ադրիաննան սպանվել է, 22-ին աշխատել է, ուղարկել եմ, որ ինքը նայի, ինձ ասում է՝ քրեական պատասխանատվության կենթարկեմ։ Առ այսօր պատասխան չկա հեռախոսներից, 80 հազար դոլարը, ոսկեղենը, որը ես այնտեղ ապրում էի, իմ ոսկեղենն ու իմ գումարներն եմ բերել, տվել իմ երեխային, ես ընդամենը երկու ժամով եմ բացակայել, ես այնտեղ ապրում էի իր տան մեջ։ Ինքն իմ երեխային թալանել, սպանել է։ Դիմում եմ գրելու` քննիչին փոխեն»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 6-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել