«Կաշխատեմ, ամեն ինչ կանեմ, որ այստեղ իմ երեխաների համար ապագա ստեղծեմ»․ Արցախից բռնի տեղահանված

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Լիանա Մուրադյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում  ասաց, որ 2005 թվականից ծառայել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում։ Նա նշեց, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ իրենք դուրս չեն եկել Արցախից և անգամ իր երեխաներն են ականատես եղել այդ ամենին։

«Մեր տունն էլ Շուշիի մոտ էր, հենց խփում էին, ձայնը շատ լավ գալիս էր։ Փոքր ասում էր՝ մամա, իրենք են խփում, թե՞ մենք ենք խփում։ Ես ասում էի՝ բան չկա, մի վախեցեք, բայց իրենք ամեն ինչ տեսել են։ Երեք տարի, որ ապրել ենք, վախ կար, բայց նաև հույս էլ կար, որ ամեն ինչ լավ կլինի։ Հանձնված հողերը կվերադառնա մեզ, լավ կլինի։ Անգամ մինչև վերջին պահը մենք հավատում էինք, որ լավ է լինելու, այսպես չի վերջանալու»,-ասաց նա։

Լիանան ժպիտով է հիշում շրջափակման օրերը։ Ասում է՝ հիմա մի ուրիշ ջերմությամբ ենք հիշում այդ օրերը․ «Թե ոնց ա դա մեզ համախմբել, միացրել, թեկուզ գիշերը ժամը երեքին, չորսին հացի հերթեր էինք գնում, որ հաց գնեինք»։

Նա ասում է, որ տեղի ունեցածը մեծ աղետ է եղել, մեծ կորուստ։

«Մենք ամբողջ կյանքում չենք կարող ուշքի գալ, ինչքան էլ փորձենք, ինչքան էլ հավաքենք մեզ։ Այստեղ ենք երեխաների համար»,-ասում է Լիանան։

Նրա խոսքով արցախցին ուրիշ մարդ է․ «Ես չեմ ասում՝ լավն է կամ վատն է, բայց ուրիշ է, բոլորից տարբերվում է։ Էական չի, թե քանի տարի է, որ դուրս է եկել Արցախից, եթե մեջը արցախցու արյուն կա, մեկ է ինքը արցախցի է, դա չի փոխվի։ Իմ երեխան այնտեղ է ծնվել, ուրեմն Արցախն իմ կեսն էր, ես իմ կեսը թողեցի։ Իմ սրտի կեսը մնացել է այնտեղ»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով արդբեջանական կողմի առաջարկած վերաինտեգրմանը, նա ասում է, որ չի էլ փորձի, որովհետև չի հավատում թշնամուն։

«Չեմ հավատում, չեմ կարող փորձել իրենց հետ ապրել»,-ասում է նա ու նշում, որ նաև միջազգային հանրությունից որևէ ակնկալիք չունի։

«Ղարաբաղի հարցը հիմա չէ, վաղուց պետք է լուծեին։ Չպետք է սպասեին, որ 120 հազար հայ մնար առանց տուն»,-ասում է Լիանան։

Մեր զրուցակիցը նշում է, որ ուզում է, որ իր երեխան հայ մեծանա, հայերի մեջ մեծանա։

«Ես կաշխատեմ, ամեն ինչ կանեմ, որ այստեղ իմ երեխաների համար ապագա ստեղծեմ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել