Փոփոխություններ կկատարվեն սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացներում

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացներում: Արդյունքում հնարավորություն կստեղծվի սննդամթերքի նմուշառումը և լաբորատոր փորձարկումներն իրականացնել ներմուծող կազմակերպությունների հայեցողությամբ ընտրված լաբորատորիաների կողմից:

Փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ներմուծողի հայեցողությամբ պահեստային նմուշները կփորձարկվեն այլ պետության ռեֆերենս լաբորատորիայում։ Միաժամանակ հնարավորություն կստեղծվի լուծել ռեֆերենս լաբորատորիայի նշանակման խնդիրը։

Նշենք, որ նախագծի հինավորման համաձայն՝ նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային պետական վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությամբ։

Ներկա պահին լաբորատոր փորձարկումներն իրականացվում են մրցույթի արդյունքում լիազորված լաբորատորիաների կողմից։ Հիմնականում մրցույթին մասնակցում են 3 լաբորատորիա, իսկ 2023 թվականին մրցույթով լիազորվել է ընդհամենը 2 լաբորատորիա։ Արդյունքում չի ապահովվում լաբորատորիայի գաղտնիության պահպանման սկզբունքը, որն ի սկզբանե դրվել է գործող պահանջի սահմանման հիմքում։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետությունում դեռ նշանակված չէ ռեֆերենս լաբորատորիա, քանի որ ոչ մի կազմակերպություն դիմում չի ներկայացրել նշանակման նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել