ՀՀ օրենսդրությունը սահմանում է յուրաքանչյուր անձի իրավունքները իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասերը, շենքերը, շինությունները և այլ անշարժ գույքի տարածքները ներխուժումից պաշտպանելու, ինչպես նաև ներխուժման կանխման կամ վերացման մեխանիզմները:
Իրական տիրապետողի իրավունքները
- Յուրաքանչյուր ոք ունի իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը և այլ անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունք:
- Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք կամ այդ տարածքում առանց օրինական տիրապետողի թույլտվության տեղադրելու որևէ շարժական գույք (այսուհետ՝ ներխուժում):
Ներխուժման սահմանումը
Ներխուժում է համարվում նաև՝
- օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը.
- օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը:
Ներխուժում առկա չէ այն դեպքերում, երբ
- հողամասը ցանկապատված, պարսպապատված չէ, կամ
- չկա հողամասը մուտք գործելն արգելող որևէ գրավոր կամ ձայնային հայտարարություն կամ պատկերային նշան, և
- հողամաս մուտք գործելը վնաս չի պատճառի հողամասին:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն` առանց որևէ թույլտվության, գտնվելու պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող` բոլորի համար բաց հողամասերում և օգտվելու դրանցում եղած բնական օբյեկտներից` պահպանելով օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը:
Ներխուժման կանխարգելում և վերացում
Օրինական տիրապետողն իրավունք ունի
- խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետևանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը:
- իրավունք ունի հեռացնելու իր հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը:
- ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:
Ոստիկանության լիազորություններ
- Իրական տիրապետողը կարող է լիազորել ոստիկանությանը՝ իր անունից իրականացնելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու համար:
- Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ներխուժման դեպքում գործողությունների և շարժական գույքի հեռացման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։