Դատարանում ներկայացվեցին Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի, Վարդան Թունյանի և Գուրգեն Գրիգորյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունները

Լուսանկարը՝ Police.am

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 28-ին, դատախազ Տիգրան Ենոքյանը ներկայացրեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունները։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նիստի սկզբում միջնորդեց դատարանին նիստերն անցկացնել դռնփակ։ Նրա պնդմամբ՝ ԶԼՄ-ները չեն պահպանել տեսա- և լուսանկարահանման վերաբերյալ դատարանի որոշումը, տեսանկարահանել են Վլադիմիր Գասպարյանին։ Նախորդ նիստերի ընթացքում 4 ամբաստանյալներն էլ չեն ցանկացել տեսանկարահանվել, դատարանը բավարարել է նրանց խնդրանքը։

Կոչուբաևի պնդմամբ՝ նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը հիմնականում կապված է իր պաշտպանյալի առողջական վիճակով։

«Խնդիրը նրանում է, որ ամեն պահի լինում են կրիզիսներ, ու չեմ ուզում այդ պահերը ֆիքսվեն։ Նիստերից հետո դա քննարկման առարկա է դառնում «ֆեյսբուքներում», որ վատացավ, սենց եղավ․․․ Տպավորություն է, որ ինչ-որ բանից վախեցել ու վատացել է Գասպարյանը։ Չեմ ուզում դա քննարկման առարկա դառնա։ Դա իմ առողջության հետ է կապված, ես ունեմ երեխաներ։ Չեմ ուզում ինձ հասարակությունը տեսնի հիվանդ։ Մի քիչ թոփալ եմ, պահի տակ ճնշումս է բարձրանում»,-նշեց նախկին ոստիականապետը։

Գործով մյուս ամբաստանյալները միացան Կոչուբաևի ներկայացրած միջնորդությանը։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ իրավասու է օրենսգրքով նախատեսված դեպքերում որոշում կայացնելու դատական նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին: Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը նշված հիմքով միջնորդությունը մերժեց․ «Դատարանը գտնում է, որ նիստը դռնփակ չի կարող անցկացվել, որովհետև չեն քննարկվում մասնավոր կյանքի, պատվի և արժանապատվության վերաբերյալ հարցեր։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ըստ պարոն Կոչուբաևի՝ ԶԼՄ-ները շարունակում են ներառել ամբաստանյալներին, այդ թվում Գասպարյանին իրենց կադրերում, ապա դատարանը կրկին պահանջում է ԶԼՄ-ներին հարգել ամբաստանյալների իրավունքը»։

Այնուհետև մեղադրողը հրապարակեց ամբաստանյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները։

Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը

Նշվում է, որ 1997 թվականից, մինչև 2010 թվականը, վերջինս զբաղեցրել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետի պաշտոնը, իսկ 2010-2011թթ․՝ Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը և պատասխանատու է եղել իրեն վստահված զորամասի ստորաբաժանման ֆինանսական, սոցիալ-իրավական, կենցաղային ապահովման համար։

Տիգրան Ենոքյան

«N զորամասի զինծառայողներ Խաչիկ Բադեյանը (2001թ․-ից), Նելսոն Սարոյանը (2004թ․-ից), Արման Մովսիսյանը (2009թ․-ից) հրամանագրված լինելով ՊՆ ռազմական ոստիկանության ռազմական ոստիկանի պաշտոնին, ունենալով ենթասպայի կոչում, նշանակման օրվանից չեն ներկայացել զինվորական ծառայության, փոխարենը կատարել են զինծառայողի կարգավիճակից չբխող աշխատանք։ Նելսոն Սարոյանը աշխատել է որպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ Խաչիկ Բադեյանը և Արման Մովսիսյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ։․․․Վլադիմիր Գասպարյանը ցուցում է տվել այդ անձանց կողմից ծառայության չներկայանալու և պարտականությունները չկատարելու մասին»,-նշեց Տիգրան Ենոքյանը։

Ըստ գործի նյութերի՝ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելիս ամբաստանյալը երկարաձգել է Նելսոն Սարոյանի «զինծառայության» ժամկետը․ «Ըստ այդմ, նաև կատարել է խոշոր չափերի վատնում, այն է՝ 21 միլիոն 691 հազար դրամի չափով»։

Նշվում է նաև, որ 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնելիս 15 միլիոն դրամով ձեռք է բերվել և իրացվել Գրիբոյեդովի փողոցում գտնվող մի բնակարան, որը հատկացրել է բնակարանի կարիք չունեցող, ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ռաֆիկ Զաքարյանին․ «Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 15 միլիոն դրամի գույքային վնաս»։

2017-ի հուլիսին 10 միլիոն դրամով ձեռք է բերվել ևս մեկ բնակարան՝ Էջմիածնում։ Դա նույնպես նվիրել է բնակարանի կարիք չունեցող, իր բնակարանային պայմանները վատթարացրած ոստիկանի․ «Վ․ Գասպարյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու նկարագրված արարքի կատարմամբ՝ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։․․․Պետությանը պատճառվել է 10 միլիոն դրամի գույքային վնաս»։

Նշվում է, որ ամբաստանյալը հափշտակություն կատարելու դիտավորությամբ Ոստիկանության տնտեսական վարչության պետ Ռազմիկ Խանզրադյանի միջոցով 2017-ի սկզբին Ոստիկանության կրթահամալիրի պետք Հովհաննես Վարյանին հանձնարարել է կրթահամալիրի գնումների պլանում լրացում կատարել 10 միլիոն դրամ արժողությամբ գույք ձեռք բերելու վերաբերյալ։ Վարյանը Խանզրադյանին տեղեկացրել է, որ նման գործողություն կատարելու համար գրավոր հանձնարարական է անհրաժեշտ։ Գրությունը ստացվել է, որի հիման վրա էլ Վարյանը լրացում է կատարել գնումների պլանում։ 10 միլիոն դրամով Ներքին Շենգավիթում բնակարան է ձեռք բերվել։ Գասպարյանը նշված բնակարանը վերցրել է ոստիկանության հաշվեկշիռ, այնուհետև այն նվիրել է 6 օր առաջ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի զորամասի նվագախմբի երաժշտի պաշտոնին նշանակված, երբևէ ծառայության վայր չներկայացած ենթասպա Քնարիկ Սասունյանին, որը Գասպարյանի դստեր համար պրոդյուսերական ծառայություններ է մատուցել»։

Մեղադրողի պնդմամբ՝ Գասպարյանին է վերագրվում նաև «առանձնապես խոշոր չափերի վատնում» հանցանքը։

Լևոն Երանոսյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը

Ամբաստանյալը 2012-ի ապրիլից մինչև 2018 թվականի մայիսի 8-ը զբաղեցրել է ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։ Ըստ մեղադրանքի՝ վերջինս 2015-2018թթ․ կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում, պաշտոնական կեղծիք։

Նշվում է, որ Գասպարյանը 2015-ին դստերը, Յուլյա Գասպարյանին նշանակել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն վերջինս առհասարակ ծառայության չի ներկայացել։ Ավելին, առանց զեկուցագրերի և հրամանների բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։ Նշված 3 տարիների ընթացքում Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև ոստիկանության զորքերի ֆինանսական բաժնի պետ Գեղամ Հովհաննիսյանի օժանդակությամբ, յուրաքանչյուր ամիս աշխատավարձ է վճարվել Յուլյա Գասպարյանին։ Արձակուրդայինների, պարգևատրումների և աշխատավարձի ընդհանուր հաշվարկով՝ ոստիկանապետի դստերն է վճարվել շուրջ 8 միլիոն 838 հազար դրամ։

Բացի այդ, Երանոսյանը լավատեղյակ է եղել, որ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին մնալու դեպքում Յուլյա Գասպարյանին չի կարող շնորհել փոխգնդապետի զինվորական կոչումը և 2018-ին հանձնարարել է կազմակերպել Յուլյա Գասպարյանին բարձր պաշտոնի նշանակելու գործընթացը։

Մեղադրողի պնդմամբ՝ կազմվել են կեղծ փաստաթղթեր․ «Ծառայության չներկայացող, իր ծառայողական պարտականությունները չկատարող Յուլյա Գասպարյանը ներկայացվել է իբրև ծառայության մեջ իրեն բանիմաց և պարտաճանաչ, կարգապահ դրսևորող, ծառայության պարտականությունները պատշաճ ձևով կատարող, դժվարություններից չխուսափող, հրամանատարության կողմից տրված առաջադրանքները ժամանակին և որակով կատարող զինծառայող։ Նշված կեղծ փաստաթղթերի հիման վրա էլ Երանոսյանը 2018-ի մարտի 16-ին նրան ներկայացրել է փոխգնդապետի զինվորական կոչման շնորհմանը»։

Դատախազ Տիգրան Ենոքյանի խոսքով՝ հաջորդ օրը Վլադիմիր Գասպարյանը Յուլյա Գասպարյանին փոխգնդապետի զինվորական կոչում է շնորհել, ինչից 2 օր անց ոստիկանապետի դուստրը վերադարձվել է նախկին պաշտոնին։

Վարդան Թունյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը

Ըստ գործի նյութերի՝ Ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը Երանոսյանին խնդրել է իր ծանոթ Վահրամ Ղազարյանին ընդունել ոստիկանության զորքերում ծառայության։ Նշված անձն ընդունվել է աշխատանքի, սակայն ծառայության չի ներկայացել։ Դրա փոխարեն կատարել է Թունյանի վարորդի պարտականությունները։ Այս դեպքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի 7 միլիոն 954 հազար դրամի վնաս, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։

Բացի այդ, Թունյանը 2014-2018 թվականները պետական միջոցների հաշվին իր ընտանիքի տեղափոխումը իրականացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության կրտսեր տեսուչի պաշտոնը զբաղեցնող Արթուր Շահնազարյանին հանձնարարել է չներկայանալ աշխատանքի․ «Հանձնարարել է շաբաթվա ընթացքում մի քանի անգամ  իրականացնել իր ընտանիքի տեղափոխումը տարբեր վայրեր»։

Արթուր Շահնազարյանը ստացել է իր պաշտոնի դրույքաչափին համապատասխան 3 միլիոն 750 հազար դրամ։ Բացի այդ, Թունյանը իր վստահությանը հանձնված 7805 լիտր բենզինից ներքին աուդիտի վարչության աշխատակիցներին է տրամադրել 360 լիտր բենզին՝ մարզեր մեկնելու համար։ Իսկ 2 միլիոն 762 հազար դրամ արժողությամբ 7445 լիտր բենզինը յուրացման եղանակով հափշտակել է։

Գուրգեն Գրիգորյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը

Մեղադրող Տիգրան Ենոքյանը դատարանում հայտարարեց, որ Գուրգեն Գրիգորյանը օժանդակել է Լևոն Երանոսյանին՝ Վահրամ Նազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելուն։ Ինչպես ավելի վաղ նշվել է, Նազարյանը փաստացի դարձել է Վարդան Թունյանի վարորդը։

Գուրգեն Գրիգորյանը դեպքի մասին զեկուցագիր չի ներկայացրել։ Ավելին, իր ստորագրությամբ հաստատել է սպայական անձնակազմի աշխատավարձերի տեղեկագրերը, որոնցում ներառված են եղել նաև Վահրամ Ղազարյանի տվյալները։

4 ամբաստանյալներն էլ չընդունեցին իրենց մեղքը։ Դատավորը դիմեց ամբաստանյալներից Վլադիմիր Գասպարյանին․ «Դուք մեղադրվում եք առանձնապես խոշոր չափերով 2 դրվագով վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ կրկին 2 դրվագով։ Դատարանն առաջարկում է Ձեզ դիրքորոշում հայտնել մեղադրանքի առնչությամբ։ Դուք պարտավոր չեք հարցին պատասխանել, դա դատարանը չի մեկնաբանի ի վնաս ձեզ»։

Վլադիմիր Գասպարյանն հայտարարեց, որ իր դստեր վերաբերյալ դատարանում արված հայտարարությունները համարում է անպարկեշտություն․ «Անպարկեշտություն է միս ու արյուն տալու համար դա շահարկելը։ Վիրավորված եմ այնքանով, որքանով․․․»։

Լևոն Երանոսյանը ևս հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը․ «Ընթացքում կպարզաբանեմ»։

Այնուհետև դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը։ Կհետազոտվեն գործում առկա գրավոր փաստաթղթերը, որից հետո կհարցաքննվեն վկաները, ցանկության դեպքում՝ կհարցաքննվեն ամբաստանյալները։

Եվգենյա Համբարձումյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել