«Ես գտել եմ բալիկիս»․ երեխային կորցրած ծնողի հայտարարությունը՝ դատարանում

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր՝ մարտի 9-ին, քննվում էր երեխային կորցրած ծնողի՝ Սյուզաննա Պատվականյանի բողոքը։ Այն բերվել է նոր երևան եկած հանգամանքի հետևանքով վարույթ հարուցելը մերժելու մասին դատախազության որոշման դեմ։ Դատախազության ներկայացուցիչը չէր ներկայացել դատական նիստին։

Նախագահող դատավոր Ադրինե Ղուկասյանը բողոքաբեր կողմի համար պարզաբանեց, որ գործի քննությունը իրականացվելու է 1998 թվականի հունիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներով։ Անցումային դրույթների համաձայն՝ մինչև նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելը հարուցված քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունն իրականացվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։

Սյուզաննա Պատվականյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ կան շահագրգիռ անձինք, որոնց պետք է ծանուցել դատական նիստերի մասին․ «Մեր կարծիքով՝ պետք է ծանուցվեն 2-3 անձինք։ Դրանք են՝ երեխան և նրան որդեգրողները»։

Նիստերի դահլիճում Սյուզաննա Պատվականյանը հայտարարեց, որ որդեգրող մայրը իր աղջկա հետ ԱՄՆ-ում է, իսկ հայրը՝ Հայաստանում․ «Ես գտել եմ բալիկիս։ Մանկավաճառները պետք է անպատիժ չմնան, բոլորը պետք է պատժվեն»։

Բողոքը երկու անգամ հրապարակելուց խուսափելու և ժամանակն ավելի օպտիմալ ծախսելու համար նախագահող դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը՝ ինչպես դատախազի, այնպես էլ շահագրգիռ անձանց ներկայությունն ապահովելու համար։ Նոր դատական նիստի օր նշանակվեց ապրիլի 5-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել