Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 22-ին, դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․
«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»։
Մեկ այլ որոշմամբ էլ Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։
«Մենք ողջունում ենք դատարանի կողմից այն արձանագրումը, որ Հայաստանը պարտավոր է շարունակել ձեռնպահ մնալ իրավիճակի սրումից՝ համաձայն դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի նախորդ վճռի», – ասվում է Բաքվի հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ իրենց ներկայացրած պահանջի մերժումը դատարանի կողմից «բովանդակային որոշում չէ»։
«Դատարանը իր վճռում ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ երկիրը ձեռնարկել և պարտավորվում է շարունակել իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի ճանապարհին անվտանգ երթևեկությունն ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանները կատարելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի պահանջներից մեկն էր նաև, որ Ադրբեջանը դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը։ Դատարանը գտավ, որ այս պահանջը հիմնավորված չէ։
Գազի և կոմունալ այլ ծառայությունների անխափան մատակարարումը ապահովելու վերաբերյալ դատարանը նշեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ հենց Ադրբեջանն է խաթարում ծառայությունների անխափան մատակարարումը․ «Հետևապես այդ միջոցը կիրառման ենթակա չէ»։