Դատավոր Դավիթ Բալայանը մերժել է ԲԴԽ-ին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում առաջարկել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի թեկնածությունը։

Iravaban.net-ի հետ զրույցում ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն ասաց, որ Դավիթ Բալայանը հրաժարվել է նշված պաշտոնից։

«Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Դավիթ Բալայանին առաջարկել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»,- նշվում էր ԲԴԽ որոշման մեջ, որն արդեն ուղարկվել էր ՀՀ նախագահին։

Ներկայացնում ենք դատավոր Դավիթ Բալայանի կենսագրությունը։

Ծնվել է 1975 թվականին, Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:

Կրթություն

1992 թվականին ավարտել է Երևանի թիվ 76 միջնակարգ դպրոցը:

1997 թվականին ավարտել է Գրիգոր Զոհրապ համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային փորձ

1997 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ փաստաբանների միության անդամ։

1999 թվականից մինչև 2001 թվականը զբաղեցրել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնականի պաշտոնը։

2001 թվականից մինչև 2005 թվականը զբաղեցրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։

2005 թվականից մինչև 2015 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը:

ՀՀ Նախագահի 2015 թվականի փետրվարի 7-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Այլ տեղեկություններ

1993 թվականից մինչև 1994 թվականը ծառայել է ՀՀ սահմանապահ զորքերում:

Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռումինիա և այլն):

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել