Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են՝
1) ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը.
2) ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը և ժամանակը.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին.
4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին.
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ.
6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին.
7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը:
Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում է անձի լրացրած, սույն հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:
Ամուսնալուծության մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.
1) ամուսնալուծվողներից յուրաքանչյուրի ազգանունը (մինչև ամուսնալուծությունը և ամուսնալուծվելուց հետո), անունը, հայրանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմողի ցանկությամբ.
2) ամուսնալուծվողների անձնագրային տվյալները.
3) ամուսնության ակտային գրանցման տվյալները.
4) ամուսնալուծության պետական գրանցման ընտրված օրը.
5) ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատման ցանկության մասին:
Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանելու այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալու իր մինչամուսնական ազգանունը: