Մոպեդ, հեծանիվ կամ լծասայլ վարողների, հետիոտների, ուղևորների համար տուգանքներ են նախատեսված՝ երթևեկության կանոնները խախտելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված են ուղևորների, հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքները։

Վերջին փոփոխությունները կատարվել են 2022 թվականի հունիսի 9-ին։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝

1. Ուղևորների, հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ինչպես նաև հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով։

2. Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։

3. Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։

4. Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։

5. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։

6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 10․000 դրամի չափով։

6.1. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանց հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20․000 դրամի չափով։

7. Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10․000 դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել