Դատախազի բացառիկ լիազորությունները մինչդատական վարույթում

Դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է`

1) հարուցել և իրականացնել քրեական հետապնդում, վերացնել քննիչի կայացրած որոշումը քրեական գործը կարճելու մասին, դատարանի միջնորդության հիման վրա հարուցել քրեական գործ, վերացնել հետաքննության մարմնի և քննիչի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին և հարուցել քրեական գործ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ.

2) հանցագործության դեպքով հետաքննության մարմնին և քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր քրեական գործ հարուցելու համար.

3) հետաքննության մարմնին և քննիչին հանձնարարել կատարելու անհետաձգելի քննչական գործողություններ.

4) հետաքննության և նախաքննության նկատմամբ իրականացնել դատավարական ղեկավարում:

Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է`

1) ստուգել կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման մասին օրենքի պահանջների կատարումը հետաքննության մարմնի կողմից.

2) ստուգման համար հետաքննության մարմնից, քննիչից պահանջել նյութեր, փաստաթղթեր, քրեական գործեր և քննության ընթացքի մասին տեղեկություններ, ինչպես նաև ծանոթանալ դրանց կամ դրանք ստուգել նրանց գտնվելու վայրում.
3) ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից և հանձնել նախաքննության մարմնին, քրեական գործը նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով.

4) անհրաժեշտության դեպքում քննչական բաժնի պետին գրավոր ցուցում տալ գործի քննությունը քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ, ինչպես նաև ցուցում տալ նախաքննություն իրականացնող տարբեր մարմինների քննչական բաժինների պետերին` այդ մարմինների քննիչներից ստեղծված քննչական խմբում ներառելու վերաբերյալ:
Հատուկ քննչական ծառայության քննիչները կարող են ներգրավվել միայն տվյալ ծառայությանը ենթակա քրեական գործերի քննության համար ստեղծված քննչական խմբերում.

5) լուծել հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին, ստորադաս դատախազին հայտնված բացարկի, ինչպես նաև վերջիններիս ինքնաբացարկի հարցերը.

6) հետաքննության մարմնին, քննիչին գրավոր ցուցումներ տալ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու, որոշումներ ընդունելու վերաբերյալ.
7) լուծել հետաքննության մարմնի կամ նրա աշխատակցի և քննիչի` օրենքով նախատեսված առարկությունները` դատավարական ղեկավարում իրականացնող ստորադաս դատախազի ցուցումների վերաբերյալ.

8) գործի քննության օրինականությունն ապահովելու նպատակով հսկողություն իրականացնող դատախազին տալ գրավոր ցուցումներ.

9) լուծել հետաքննության մարմնի, քննիչի որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքները, բացառությամբ այն բողոքների, որոնց լուծումն օրենքով վերապահված է դատարանին.

10) հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, եթե գործի քննության ընթացքում նրանք թույլ են տվել օրենքի խախտում.

11) դիմել համապատասխան մարմիններ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց կալանավորման հարցը լուծելու, քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով, եթե այդ անձինք քրեական գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ.

12) վերադարձնել քրեական գործերը քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու համար պարտադիր ցուցումներով.

13) վերացնել հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը քրեական գործով վարույթը կարճելու մասին, ինչպես նաև նրանց այլ որոշումներ` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում.

14) հաստատել մեղադրական եզրակացությունը, իսկ այն անձանց նկատմամբ քրեական գործերով, որոնք քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում կամ անմեղսունակ են դարձել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարելուց հետո` եզրափակիչ որոշումը.

15) գործն ուղարկել դատարան` ըստ էության քննելու համար:

Մինչդատական վարույթում դատախազն իրավասու է կատարել նաև այլ լիազորություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել