ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել Ազգային ժողովի ընդունած օրենքը

Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-1613 որոշմամբ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասին հակասող է ճանաչել Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 19-ին ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 2-րդ, 9-19-րդ հոդվածները, 20-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը։

Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդին։

7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկել են օրենքի նախագիծ, որով նախատեսվում է սահմանել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով:

«Նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու՝ հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար»,-մարտի 19-ի նիստի ժամանակ հայտարարել էր պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել