Հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանի հարազատ եղբայր Ռուբեն Մնացականյանին առաջադրված մեղադրանքով նախաքննությունը դեռ շարունակվում է:
Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունից: Նրանց փոխանցմամբ` Ռուբեն Մնացականյանը շարունակում է կալանավորված մնալ:
Նախաքննական մարմնի դիրքորոշման համաձայն` Ռուբեն Մնացականյանն անցնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով:
«Մենք հստակ նշում ենք, որ Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանումում կատարված յուրացումները հետ Վազգեն Խաչիկյանը որևէ կապ չունի, դա նախաքննական մարմնի դիրքորոշումն է»,- Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Մնացականյանը 2001թ. հունվարի 1-ից մինչև 2010-ի դեկտեմբերի 30-ը եղել է Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման պետը: Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) պետությանը պատճառած դրամական վնասի համար:
Աղբյուրը` Իրավաբան.net