Russia today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Lenta.ru կայքի հոդվածը։ Նշենք, որ հոդվածը Սիմոնյանի աղմկահարույց գրառման և դրան վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքի վերաբերյալ էր։
Սիմոնյանը սոցիալական կայքում մեջբերել է հոդվածից մի հատված․ «Կարելի է մեծ հավանականությամբ ասել, որ քանի դեռ Հայաստանում գլխավոր պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, այդ կովկասյան հանրապետությունը միջպետական հարաբարություններում նոր լարվածության կետեր կստեղծի, իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը պաշտոնական մակարդակով բացեց վարագույրը այս խնդրի շուրջ: Եվ Փաշինյանի կողմից ակնթարթային ռեակցիան միայն ամրապնդում է այս ենթադրությունը»:
Lenta.ru-ի՝ «Ամերիկյան արմատներ» վերնագրով հոդվածում նշվում է, որ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը բարկացրել է Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ աղմկահարույց գրառումը հրապարակվել է հուլիսի 18-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պայմաններում և մեծ դժգոհություն առաջացրել ինչպես հայկական սփյուռքում, այնպես էլ Հայաստանում:
Ավելի ուշ Սիմոնյանը հրապարակեց Ռուսաստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների անուններից բաղկացած ցուցակը, որոնք «ստորագրեցին» այդ կոչի տակ: Ցուցակում 26 անուն կա: Հուլիսի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված հարցազրույցում մեկնաբանեց Մարգարիտա Սիմոնյանի պնդումները: