Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների ոչ դատավոր անդամի թեկնածուները, առաջադրած հասարակական կազմակերպությունները, ֆինանսավորումը

ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքէջում հունիսի 18-ին հայտարարություն է հարապարկվել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով մրցույթ հայտարարելու մասին։

Հունիսի 30-ին, ըստ պաշտոնական հայտարարության, պարզ դարձավ, որ հանձնաժողովում ընդգրկվելու համար ներկայացվել են 3 թեկնածուի տվյալներ.

  1. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (գործադիր տնօրեն Սոնա Այվազյան) Դավիթ Լևոնի Հակոբյանը,
  2. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, (նախագահ Կարեն Զադոյան) Սյուզաննա Արմենակի Սողոմոնյանը,
  3. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից (նախագահ Արաքս Մելքոնյան) Հասմիկ Հայկի Հարությունյանը։

Ավելի ուշ՝ հուլիսի 6-ին, հրապարակվել է տեղեկություն՝ ի լրումն հունիսի 30-ի հայտարարության, որ ստացվել է մեկ այլ՝ 4-րդ թեկնածուի վերաբերյալ տեղեկությունները ներկայացված «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի կողմից (գործադիր տնօրեն՝ Ա. Մուշեղյան, հանրությանը կազմակերպությունից առավել հայտնի է ծրագրերի համակարգողը՝ Դանիել Իոաննիսյանը) Արտուր Հաբեթի Հարությունյանի թեկնածությունը:

Հուլիսի 20-ին հայտարարություն է տարածվել այն մասին, որ մրցութային հանձնաժաղովի կողմից Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներկայացրած ՀԿ-ներից երեքի դիմումը բավարարվել է և թեկնածուները ներկայացվել են Դատավորների ընդհանուր ժողովին, իսկ մեկի՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի դիմումի ընդունումը մերժվել է։

Մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի 12.06.2020թ. թիվ 525-Ա հրամանով ձևավորվել է մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝

  • Նարեկ Գաբրիելյան՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ (մրցութային հանձնաժողովի նախագահ),
  • Արմեն Հարությունյան՝ Դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (մրցութային հանձնաժողովի անդամ),
  • Խաչիկ Ղազարյան՝ Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ (մրցութային հանձնաժողովի անդամ)։
Թարմացված

Ավելի ուշ պարզ դարձավ, որ  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Արաքս Մելքոնյանի, հուլիսի 23-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի՝ մրցութային հանձնաժողովի կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանի թեկնածությունը՝ որպես հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու, Դատավորների ընդհանուր ժողով ներկայացնելու վերաբերյալ որոշում կայացնել պարտավորեցնելու պահանջի մասին:

Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։ Հուլիսի 24-ին նշանակվել է դատաքննություն, 27-ին՝ հայցվորի պահանջը ժամանակավոր բավարարվել է։ Այսինքն Հասմիկ Հարությունյանը ևս կմասնակցի մրցույթին։

Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում, թե հանձնաժողովում թեկնածուներ առաջադրած 3 հասարակական կազմակերպություններն ինչ գործունեությամբ են զբաղվում և ինչ ֆինանսավորում ունեն։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից։ ՀԿ-ի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են․

  • աջակցել մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, լավ կառավարման կառուցակարգերի ներդրմանը և  ամրապնդմանը, կոռուպցիայի վերացմանն ուղղված արդյունավետ քաղաքականությունների և կառուցակարգերի ներդրմանն ու զարգացմանը, նպաստել բարեխիղճ` թափանցիկ, հաշվետու, արհեստավարժ կառավարման համակարգի զարգացմանը,
  • նպաստել քաղաքացիների իրավագիտակցության, իրավական մշակույթի և ընկալման մակարդակի բարձրացմանը՝ քաղաքացիների շրջանում օրենքների, իրավական գիտելիքների քարոզչության միջոցով,
  • նպաստել հանրության մասնակցությանը հանրապետական և տեղական մակարդակներում հանրային քաղաքականությունների մշակմանը և որոշումների կայացման, հանրային ռեսուրսների բաշխման և հանրային վերահսկողության գործընթացներին, իրականացնել հանրային վերահսկողության ծրագրեր իշխանության օրենսդիր, դատական, գործադիր ճյուղերում, այդ թվում` հանրային բյուջեների, հանրային քաղաքականությունների, հանրային ծառայությունների մատուցման և պետական գնումների ոլորտներում,
  • նպաստել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը, այդ բարեփոխումների վերաբերյալ մշակել և ներկայացնել առաջարկներ, իրականացնել դրանց քարոզչությունն ու լոբբինգը հանրության մոբիլիզացիայի միջոցով, վերը նշված ոլորտներում իրականացնել ուսումնասիրություններ և այլն։

Կազմակերպության ֆինասնավորումը վերջին երկու տարիներին եղել է Եվրամիության կողմից՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է այլ 5 կազմակերպությունների գործընկերությամբ՝ 34 ամիս տևողությամբ, որն էլ ավարտվել է 2019 թվականի հոկտեմբերի 15-ին։ Ծրագրի բյուջեն կազմել է 2.222.256 եվրո, ծախսվել է 1․993․260 եվրոն, մնացյալը չի փոխանցվել։

2020 թվականին Իրավաբանների հայկական ասոցիացիան իր գործունեությունը իրականացնում է հիմնականում սեփական ռեսուսրների և Շվեդիայի կառավարության կողմից ստացել է 400.000 շվեդական կրոնի չափով դրամաշնորհ՝ 7 ամիս տևողությամբ, «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն իրականացնելու համար։

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի  կայքէջից տեղեկանում ենք, որ կազմակերպության նպատակներն են`

  • աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը,
  • աջակցել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը և ընտրական ինստիտուտի կայացմանը,
  • նպաստել հանրային ռեսուրսների, այդ թվում` պետական և համայնքային սեփականության ու ֆինանսական միջոցների ողջամիտ, թափանցիկ և հաշվետու կառավարմանը,
  • խթանել ժողովրդավարական գործընթացները, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը և հասարակության մասնակցությունը երկրի կառավարման գործընթացներում:

Կազմակերպության կյաքէջում նշված են հետևյալ դոնորները․

Ուսումնասիրելով դոնորների ցանկը գլխավորող կազմակերպության՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» կայքէջի դրամաշնորհների բաժինը, պարզ է դառնում, որ ընկերությանը 2019 թվականի դեկտեմբերի 25-ին տրամադրել է 230 000 դոլար, 2018 թվականին՝ 26 000 և 155 000 հազար դոլար։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ կազմակերպության առաքելությունն է

  • բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը պետական և հանրային նշանակություն ունեցող ոլորտներում, ինչը մեր համոզմամբ ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնական և անբաժանելի բաղադրիչն է:
  • Մենք միջոցներ ենք ձեռնարկում Հայաստանում լրագրողական դաշտի ունակությունների բարձրացման համար: Ավելին, մենք ինքներս ենք իրականացնում լրատվական գործունեություն՝ FIP.am ապատեղեկատվության դեմ պայքարող (ֆակտ-չեքինգ) և այլն:

2018 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ կազմակերպությունը ֆինանսավորում է ստացել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունից և Ժողովրդավարության ազգային հիմնադրամից։

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» կայքէջի դրամաշնորհների բաժնից  պարզ է դառնում, որ 2018 թվականին 3 փոխանցում է կատարվել կազմակերպությանը՝ 67 500 դոլար, 91 000 դոլար, 39 021 600 դրամի չափով։

2019 թվականի հաշվետվության մեջ դոնորները կրկին գլխավորում են նույն ընկերությունները։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին: Կազմակերպությունն ակտիվորեն ներգրավված է մարդու իրավունքների, արդարադատության, արդյունավետ կառավարման, անվտանգության ոլորտների վերաբերյալ քաղաքականությունների մշակման գործընթացին: Ինչպես նաև ներկայացնում է այլընտրանքային կարծիքներ և դիտարկումներ մարդու իրավունքներին առնչվող օրենքի նախագծերի վերաբերյալ:

Կազմակերպությունը վերջին տարիներին ֆինանսավորում ստացել է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության կողմից՝ 2020 թվականին՝ 19․000 դոլար, 2019-ին՝ 60․000 դոլար, 30․000 դոլար, 2018-ին՝ 26․790 դոլարի չափով։

 

Ստորև ձեզ ենք ներկայացնում ընդհանրական պատկերը։ Թեկնածուների նկարների վրա սեղմելով՝ կարող եք ծանոթանալ նաև նրանց կենսագրությանը։

Հուլիսի 22-ին հրապարակվեց Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ ներկայացրած հասարակական կազմակերպությունների, դատավորների և նրանց կողմից ներկայացրած թեկնածուների, ինչպես նաև ինքնաառաջադրված թեկնածուի վերաբերյալ տեղեկությունները և թեկնածուների կենսագրությունները:

2.Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ են

    1. Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանի կողմից ներկայացված թեկնածու՝ Աշխեն Ղարսլյան,
    2. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (նախագահ Կարեն Զադոյան) կողմից առաջադրված թեկնածու Արսեն Թավադյան
    3. «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի (գործադիր տնօրեն՝ Աշխեն Մուշեղյան) կողմից առաջադրված թեկնածու  Անահիտ Մանասյան։

3. Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ.

  1. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի կողմից առաջադրված թեկնածու՝ Գաբրիել Պետրոսյան,
  2. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի (նախագահ Արաքս Մելքոնյան) կողմից առաջադրված թեկնածու՝ Հասմիկ Հարությունյան,
  3. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (նախագահ Կարեն Զադոյան) կողմից առաջադրված թեկնածու՝ Արտաշես Խալաթյան,
  4. Ինքնաառաջադրված թեկնածու՝ Աշխեն Ղարսլյան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել