ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց  89 պատգամավոր:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստին չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»:

Ընդունված նախագծով նախատեսվում է, որ՝

  • ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը կդադարեցվի,
  • կդադարեն այն ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի։

Այսինքն, ստացվում է, որ Սահմանադրական դատարանում ՍԴ անդամներ (դատավորներ) Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը պաշտոնավարում են 12 տարի անընդմեջ և այս օրենքի ուժով վերջիններիս լիազորությունները կդադարեցվեն։ Ինչ վերաբերում է ՍԴ անդամ  (դատավոր)Ալվինա Գյուլումյանին, ապա նշենք, որ նրա պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է ոչ անընդմեջ պաշտոնավարման ընթացքում, հետևապես նրա լիազորությունների դադարեցման հարցը կարող է դիտարկվել որպես ոչ միանշանակ։

Այս նախագծից հետո քննարկվեց և ընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Դրանով սահմանվեց, որ սահմանադրական փոփոխությունները Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո Ազգային ժողովի նախագահը հրապարակում է դրանք` առանց Հանրապետության նախագահի ստորագրմանը ուղարկելու։ Պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից դրանք ուժի մեջ են մտնելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել