Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստին չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»:
Ընդունված նախագծով նախատեսվում է, որ՝
- ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը կդադարեցվի,
- կդադարեն այն ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի։
Այսինքն, ստացվում է, որ Սահմանադրական դատարանում ՍԴ անդամներ (դատավորներ) Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը պաշտոնավարում են 12 տարի անընդմեջ և այս օրենքի ուժով վերջիններիս լիազորությունները կդադարեցվեն։ Ինչ վերաբերում է ՍԴ անդամ (դատավոր)Ալվինա Գյուլումյանին, ապա նշենք, որ նրա պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է ոչ անընդմեջ պաշտոնավարման ընթացքում, հետևապես նրա լիազորությունների դադարեցման հարցը կարող է դիտարկվել որպես ոչ միանշանակ։
Այս նախագծից հետո քննարկվեց և ընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Դրանով սահմանվեց, որ սահմանադրական փոփոխությունները Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո Ազգային ժողովի նախագահը հրապարակում է դրանք` առանց Հանրապետության նախագահի ստորագրմանը ուղարկելու։ Պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից դրանք ուժի մեջ են մտնելու: