Սա աննախադեպ երևույթ է, որ դատավորը այսպիսի մեթոդի կիրառմամբ արտահայտում է իր վերաբերմունքը միջանձնային հարաբերությունների վերաբերյալ․ ԲԴԽ անդամ

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 18-ին շարունակեց Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսացած միջնորդության քննությունը։

Նախորդ նիստն ընդհատվել էր Արման Կուրեխյանի ելույթի ժամանակ՝ աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված։

Նիստի սկզբին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ Կուրեխյանը էլեկտրոնային փոստով խնդրել էր իրեն տրամադրել իր վերաբերյալ միջնորդություն ներկայացրած դատավորի՝ Սյուզաննա Ուլիխանյանի գրությունը։ Դատավոր Կուրեխյանը հայտնեց, որ ստացել է այն։

Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը, հունիսի 4-ին կայացած նիստի ժամանակ, ԲԴԽ անդամներին ներկայացրեց հանձնաժողովի եզրակացությունը՝ նշելով․ «Դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը նշել է, որ դատարանի նախագահ Արման Կուրեխյանը 2020 թվականի փետրվարի 1-ին՝ իր հետ քննարկելով աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր, թույլ է տվել դատարանի նախագահին անհարիր վարքագիծ։ Մասնավորապես, դատարանի նախագահը դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի վերաբերյալ արել է հետևյալ արտահայտությունը․ «Ուրիշի տեղն ես զբաղեցնում, շուտով բոլորը դա կհասկանան, ոնց ուզում ես ընկալի, բայց գործավարի հաստիքից այդպես էլ չաճեցիր, այդ հոգեբանությունից դուրս արի, պատմուճան կրելը և մի երկու վճիռ կնքելը քեզ դեռ դատավոր չի դարձնում»»։

Այս նիստին Արման Կուրեխյանը շարունակեց իր ելույթը՝ նախ նշելով, որ ներողություն է խնդրում բոլոր նրանցից ովքեր վերոնշյալ տեքստով ներկայացված «գործավար» բառը որպես վիրավորանք են ընկալել, թեպետ ինքը նման բան չի արտաբերել։ «Ես հարգում եմ գործավարների աշխատանքը, շատ ծանր և պատասխանատու աշխատանք են կատարում և միայն իրենց աշխատանքը հարգելու պատճառով իսկ, ես Ուլիխանյանին գործավար չէի անվանի»,-նշեց նա։

Այնուհետև նա հիշեց, որ առաջին նիստին  Մխիթար Պապոյանը խնդրեց Արման Կուրեխյանին որպես վկա հրավիրել դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։ Դատավորը սա որակեց որպես անընդունելի խնդրանք։ «Ինձ համար անհասկանալի է, երբ նման առաջարկով դիմում է դատավորը, ով որ պետք է զերծ մնա կանխակալ և ոչ աչառու վերաբերմունք դրսևորելուց»,-նշեց Կուրեխյանը և հայտնեց, որ նախորդ դատական նիստին ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն իրեն նման առաջարկ ներկայացրեց։

«Իմ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ պարոն Մակյանը կամ գործել է պարոն Պապոյանի խնդրանքով՝ նման առաջարկ ներկայացնելով,  իհարկե դա թաքցնելով կազմակերպչական հարցերի քողի տակ, քանի որ չէր կարող բացեիբաց ասել, որ խնդրում եմ այնպես արեք, որ ապացույց լինի, որ ես կարողանամ հիմնավորել իմ քվեարկությունը»,-ասաց Կուրեխյանը և Մեսրոպ Մակյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հարց ուղղեց Արման Կուրեխյանին՝ նշելով, հնարավո՞ր է, որ պարոն Մակյանի առաջարկը ոչ թե միտված է եղել նրա դրությունը վատթարացնելուն ուղղված ապացույց ձեռք բերելուն, այլ՝ հակառակը։ Արման Կուրեխյանը պատասխանեց․ «Այս հարցի քննարկման ընթացքում և ծանոթանալով տիկին Ուլիխանյանի գործունեության արդյունքներին, իմ մոտ այդ տպավորությունը չի ձևավորվել, որ ինքը կարող է գալ այստեղ և ասել այն, ինչ իրականում եղել է։ Ես համոզված եմ՝ եթե ինքը գրել, ստորագրել, ուղարկել է, գալու էր պնդեր իր գրած, ստորագրածը»։

Մխիթար Պապոյանը հայտարարությամբ հանդես եկավ։ Նա նշեց, որ տպավորություն է ստեղծվում թե, հանձնաժողովը կամ անձամբ ինքը սուբյեկտիվ և օբյեկտիվ վերաբերմունք ունեն Կուրեխյանի և Ուլիխանյանի նկատմամբ։ «Երբևէ Ուլիխանյանին չեմ տեսել, դեմքով չեմ ճանաչում, չեմ էլ կարող նրա նկատմամբ սուբյեկտիվ դրական վերաբերմունք ունենալ։ Ի տարբերություն Ուլիխանյանի, ճանաչում եմ Կուրեխյանին, մոտավորապես 10 տարի, լայն շփումներ չեմ ունեցել, բայց անձի հետ հարգալից վերաբերմունք է եղել, անձնական որևէ խնդիր, որևէ հանդիպում չի եղել, ճանապարհ կտրել՝ անկեղծ ասած ես չեմ էլ պատկերացնում, ինչպես կարող էր Կուրեխյանը երբևէ իմ ճանապարհին հայտնվեր ու դրանով իմ մոտ ձևավորվեր որևէ բացասական վերաբերմունք»,-ասաց Մխիթար Պապոյանը։ Նա նաև նշեց, որ ոչ թե խնդրել է Կուրեխյանին՝ կանչել Սյուզաննա Ուլիխանյանին վկա, այլ՝ հորդորել է։

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ։ Վերադառնալով՝ ԲԴԽ նախագահը հայտարարեց, որ մերժում է Արման Կուրեխյանի Մեսրոպ Մակյանին բացարկի միջնորդությունը։

Արման Կուրեխյանը հայտնեց, որ ցանկանում է ստանալ միջնորդության մերժման որոշումը՝ քանի որ հրապարկվել է միայն եզրափակիչ մասը։ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ նիստից հետո կստանա քաղվածքը։

Կուրեխյանը՝ շարունակելով ելույթը, ասաց․ «Դատավոր Ուլիխանյանը, միայն 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի փետրվար ամիսները, ըստ էության, հետին թվով կայացրել է շուրջ 600 դատական ակտ։ Այն, որ դրանք կայացվել են հետին թվով, կարծում եմ, որ ոչ մեկի մոտ կասկածի տեղ չի կարող թողնել, քանի որ ողջամտորեն անհնար է բացատրել, թե ինչու են դրանք դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրվել և գործին մասնակցող անձանց ուղարկվել շուրջ 2 ամիս ուշացումով»։ Նա նշեց, որ դրա մասին ինքը՝ որպես դատարանի նախագահ, հաղորդում է ներկայացրել Կարգապահական հարցերի հանձնաժողովին, ընթացքի վերաբերյալ տեղեկություններ չի կարող հաղորդել։

Սյուզաննա Ուլիխանյանի հետ կապված նա մեկ այլ խախտման մասին ևս հայտնեց․ «Պարզվել է, որ իրականում դատական նիստերը քարտուղարում է մի անձ, բայց դատական ակտում որպես քարտուղար նշված է մեկ այլ անձի անունը»։

Դատարանի նախագահի խոսքով, դատարանի հեղինակազրկման մեկ այլ օրինակն էլ այն է, որ Ուլիխանյանն իր վարույթում ունեցել է մի գործ, որով հայցվորը պահանջ է ներկայացրել՝ բռնագանձել 2130 դրամ, գործը քննվել է շուրջ 2 տարի, և գործն արդեն իր վարույթում է։ Այս ամենով հակադարձում է հանձնաժողովի այն եզրակացությանը, թե ինքն իր չկատարած գործողություններով հեղինակազրկել է դատական իշխանությունը։

Նա զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված մի քանի նյութեր ևս ներկայացրեց, որտեղ նշված էր, թե Տավուշի մարզի դատարանը թերացումներ ունի։

Այնուհետև Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը հարցեր ուղղեց Կուրեխյանին։ Մասնավորապես նա հարցրեց, արդյո՞ք 2020 թվականի փետրվարի 1-ին՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, նա եղել է իր աշխատավայրում՝ Իջևանի նստվայարում, թե՝ ոչ։ Կուրեխյանը 99,9 տոկոս հավանականությամբ պնդեց, որ չի եղել։ Չի եղել նաև Դիլիջանում, այդ օրը եղել է Երևանում և առհասարակ կարող է չպատասխանել այդ հարցերին, քանի որ․ «Հանձնաժողովի գործը չէ, թե ես իմ արձակուրդի ժամանակ որտեղ եմ եղել, դա իմ անձնական կյանքի գաղտնիությունն է, բայց, հարգելով ԲԴԽ-ին՝ այդ հարցերին պատասխանում եմ»։

Հարցերին հաջորդեց փոքր միջադեպը՝ Մխիթար Պապոյանի և ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի միջև։ Հայկ Հովհաննիսյանի խոսքի ժամանակ խոսեց Մխիթար Պապոյանը, ԲԴԽ անդամը հորդորեց իրեն չընդհատել խոսելիս, Պապոյանն իր հերթին խնդրեց Հայկ Հովհաննիսյանին իր հետ խոսելիս ոտքն իջեցնել մյուս ոտքի վրայից։ Հայկ Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց նրան․ «Երբ դուք կգտնվեք ձեր դատարնում որպես նախագահող դատավոր և դատական նիստ կղեկավարեք՝ կվարվեք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում, լա՞վ»։

«Եթե ես դատական նիստ վարելիս լինեի և դատավարության որևէ մասնակից ոտքը ոտքին գցած որևէ մեկ այլ անձի դիմեր, ինձ թվում է, որ ես, ամենաքիչը, նրան դատական նիստերի դահլիճից կհեռացնեի»,-պատասխանեց Պապոյանը։

Հայկ Հովհանիսյանը ԲԴԽ-ին միջնորդեց դատական սանկցիա կիրառել Մխիթար Պապոյանի նկատմամբ՝ նկատողության տեսքով՝ հաշվի առնելով, որ նա չի ենթարկվել դատարանի՝ տվյալ պարագում իր կարգադրություններին ու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում։ Քանի որ նման բան առաջին անգամ էր լինում, երբ ԲԴԽ մի անդամը միջնդորում էր խորհրդին՝ դատական սանկիցա կիրառել, ԲԴԽ-ն բանավոր կարգով որոշեց հեռանալ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար։

Վերադառնալով խորհրդակցական սենյակից, խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց․ «Բարձրագույն դատական խորդուրդը` քննարկելով Մխիթար Պապոյանի վարքագիծը՝ ուղղված ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին՝ հորդորում է, ինչպես միմյանց, այնպես էլ ԲԴԽ-ի նկատմամբ դրսևորել հարգալից վերաբերմունք, հակառակ պայմաններում խորհուրդը կկիրառի դատական սանկցիա»։

Արման Կուրեխյանին սկսեցին հարցեր ուղղել ԲԴԽ անդամները։ Անի Մխիթարյանը հարցրեց, թե Կուրեխյանը որպես դատարանի նախագահ ինչպե՞ս է գնահատում, որ դատավորը այսպիսի մեթոդի կիրառմամբ արտահայտում է իր վերաբերմունքը միջանձնային հարաբերությունների վերաբերյալ, քանի որ այն աննախադեպ է։ «Որպես դատարանի նախագահ, որևէ ձևով պատասխանատվություն զգու՞մ եք այդ իրավիճակի համար, եթե զգում եք՝ ինչ չափով, եթե ոչ՝ ինչու՞»,-ասաց Անի Մխիթարյանը։ Արման Կուրեխյանը նշեց, որ դատավորը չափահաս մարդ է և բավականաչափ ողջամիտ պետք է լիներ, քանի որ նշանակվել է այդ պաշտոնին, ինքը՝ որպես դատարանի նախագահ, չի կարող որևէ մեկի կատարած գործողությունների համար պատասխան տալ, արդարացնել կամ մեղադրել և իր համար ի սկզբանե հասկանալի չի եղել, թե ինչի է այս ամենը տեղի ունեցել։ «Երկու տարվա մեջ այնպես չէ, որ այդ 2-3 դեպքն է եղել, որն արժանի է եղել, որ ես դիմեմ կարգապահական հարցերի հանձնաժողովին, ես ինքս՝ որպես դատարանի նախահգահ, միշտ աշխատել եմ հարթել կոլեկտիվի շրջանակներում և ես այդպես եմ պատկերացնում, որ պետք է հրավիրվեին երկու կողմերը՝ մեկը՝ ես, մյուսը՝ Ուլիխանյանը և փորձեին պարզել՝ իրո՞ք եղել է, չի եղել․․․»,-ասաց դատարանի նախագահը։

«Դիրքորոշում հայտնեցիք, որ եթե անձը կարող է փոխել նիստերի քարտուղարի անունը, ապա այդ անձից սպասում եք, որ կարող է կեղծ/ճշմարիտ ցուցմունք տալ, իսկ փորձե՞լ եք պարզել պատճառը, իմաստը ո՞րն է եղել, որ նիստերի քարտուղարի անունը փոխել է»,- իր հարցն ուղղեց Ռուբեն Վարդազարյանը։ Կուրեխյանը նշեց՝ այո․ «Իր ասելով, ես տեղյակ չեմ մանրամասներին, պատճառն այն է, որ այն անձին, ում ինքն առաջարկել է որպես օգնական նշանակելու համար, նրա ունեցած աշխատանքային ստաժը չի բավարարել օգնական նշանակելու համար, իսկ քարտուղարինը բավարարել է, այդ իսկ պատճառով քարտուղարին նշանակել է օգնական, օգնականին՝ քարտուղար, այսինքն այն անձը, ով իրականում իրականացրել է քարտուղարի պարտականությունները, աշխատել է որպես օգնական»,-մանրամասնեց դատավորը։

Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ դա մեղադրանք է, պաշտոնական կեղծիք, ինչու՞ համապատասխան հաղորդում չի ներկայացրել Արման Կուրեխյանը, ով էլ նշեց, որ չի ներկայացրել, դեռ չի որոշել ներկայացնի, թե՝ ոչ։

Նիստը նախագահողը հայտարարեց եզրափակիր ելույթների մասին։ Մխիթար Պապոյանը նշեց, որ պատրատ է և հանդես եկավ եզրափակիչ ելույթով։ Նա ասաց, որ հանձնաժողովին ուղղված այս միջնորդությունը ներկայացնելն առավել շատ ուսուցողական բնույթ է կրել, բայց պարզ դարձավ, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ և իր համար անհասկանալի է, թե ինչպես է 6-7 հոգանոց աշխատանքային խմբում անախորժ մթնոլորտ տիրում։

Դատավոր Արման Կուրեխյանը՝ վկաչակոչելով Դատական օրենսգրքի 151-րդ հոդվածը, նշեց, որ պետք է նախ անցնեն նյութերի հետազոտմանը և նոր միայն կողմերը հանդես գան եզրափակիչ ելույթներով։ Նա նաև հայտնեց, որ միջնորդություն ունի ներկայացնելու խորհրդին՝ ինքը հունիսի 17-ին դիմել է Դատական կարգադրիչների ծառայության պետին՝ խնդրելով իրեն տրամադրել 2020 թվականի փետրվարի 1-ին Դիլիջանի և Իջևանի նստավայրեր մուտքի ու ելքի վերաբերյալ տվյալներ (Այդ օրն է դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը նշել, որ խոսել է Արման Կուրեխյանի հետ, ինչի ժամանակ էլ իր հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել)։

Փոքր քննարկումից հետո որոշում կայացվեց նիստը հետաձգել, քանի որ ժամանակացույցի համաձայն մեկ այլ նիստ էր սկսվում, Կուրեխյանը կներկայացնի իր միջնորդություն և նոր հանդես կգա եզրափակիչ ելույթով։

Ալիսա Չիլինգարյան

Վահե Վարդանյան

Նախորդ նիստերը՝

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել