Փոփոխություն է կատարվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ապրիլի 27-ին, որն ուժի մեջ է մտնում մայիսի 14-ի։

Փոփոխություն է կատարվել 71-րդ հոդվածում, որով սահմանվում է պատասխանատվությունը՝ սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար։

1. Նշված օրենքով սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու աշխատողները (նրանց համար սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարի 0.04 տոկոսի չափով (նախորդիվ 0.075-ի փոխարեն)։ Այս փոփոխությունը տարածվում է 2020 թվականի ապրիլի 21-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Այս մասով նախատեսված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարների նկատմամբ` կետանցման ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:

Սոցիալական վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված տույժերը, որպես կուտակային հատկացում, փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին, որոնց հաշվին ձեռք են բերվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին այդ պահին կուտակային հատկացումներ է կատարվում մասնակցի համար (օգտին):

Գանձված (մուծված) տույժերի հաշվին մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը որոշվում են` մասնակիցների եկամտից (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) պահված (վճարված) սոցիալական վճարի ընդհանուր գումարում տվյալ մասնակցի համար հաշվարկված սոցիալական վճարի գումարի չափից ելնելով:

2. Օրենքի դրույթների համաձայն` ժամանակին չպահված (կամ պակաս պահված) սոցիալական վճարի գումարները (այդ թվում` 3-րդ կետով նշված` սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում) հարկային գործակալի կողմից մասնակցից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին 3 ամսվա համար:

3. Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում սոցիալական վճար կատարողից (հարկային գործակալից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված (հարկային մարմնի կողմից) սոցիալական վճարի գումարը:

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը հարկային մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվարկներում սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:

Սոցիալական վճար կատարողները (հարկային գործակալները) թաքցված կամ պակաս ցույց տրված սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտից սոցիալական վճարի գումարները, իսկ վարձու աշխատողները (հարկային գործակալները) նաև 1-ին կետի համաձայն` ստուգման ակտով հաշվարկված տույժերը վճարում են հարկային մարմնի կողմից ստուգման ակտը ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:

4. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում սույն օրենքով սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականություն ունեցող անձից (այսուհետ` սոցիալական վճար կատարող) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը սոցիալական վճար կատարողի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:

Սոցիալական վճար կատարողի կողմից գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով (Դրամական պահանջները կատարելը) սահմանված կարգով:

Գանձման ընթացքում սոցիալական վճար կատարողի կողմից պարտավորությունները մարվելու դեպքում գումարը գանձելու մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում, և գանձումը դադարեցվում է:

Սոցիալական վճար կատարողի կողմից չկատարված` հարկային մարմնի կողմից վերահսկվող սոցիալական վճարի գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու սոցիալական վճար կատարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու սոցիալական վճար կատարողի պարտավորությունների մարմանը:

Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ` ապառքը և դրա նկատմամբ ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:

Որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող սոցիալական վճարի գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և սոցիալական վճար կատարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Գրավի պայմանագիր կնքվելու դեպքում պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց:

5. Այս հոդվածի դրույթները չեն տարածվում միջազգային կազմակերպություն հանդիսացող գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) վարձու աշխատողների համար այդ միջազգային կազմակերպության կողմից սոցիալական վճարներ կատարելու հարաբերությունների վրա, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել