Միասնական տեղեկանքը կեղծելու համար դատապարտվեց 500.000 ՀՀ դրամ տուգանքի

Այսօր` փետրվարի 13-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական գործի քննությունն ըստ մեղադրանքի Ռ. Մանուկյանի: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կեղծել և օգտագործել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ 2012թ. փետրվարի 6-ին ՄՏ 06022012-08-0013 միասնական տեղեկանքը, որը ներկայացրել է Ախուրյանի նոտարական գրասենյակ, և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ՇՄ ստորաբաժանման որոշումներով արգելանքի տակ գտնվող 0.66 հա հողամասը և 1964.22 քմ շինությունները 2012թ. փետրվարի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագրով օտարել է քաղաքացիներ Վ. Մնոյանին և Մ. Վարդանյանին:

Ռ. Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Այսօր դատարանը ունկնդրեց պաշտպանի ճառը, ով միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ պատիժ կիրառել ազատազրկման հետ չկապված, քանի որ ամբաստանյալը ընդունել և զղջացել է իր կատարած արարքի համար, նախաքնննության ընթացքում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, նախկինում արատավորված չի եղել: Ինչպես նաև նշեց, որ ամբաստանյալը ընդունելով իր մեղքը միջնորդել է դատական քննության արագացված կարգ կիրառել: Ուստի, պաշտպանը միջնորդեց որպես պատիժ նշանակել տուգանք և չմեկուսացնել հասարակությունից` հաշվի առնելով արարքի հանրության համար վտանգավորության բնույթն ու աստիճանը: Չնայած մեղադրողն իր ճառում դատարանին միջնորդել էր ազատազրման դատապարտել 6 ամիս ժամանակով:

Ամբաստանյալն իր վերջին խոսքում խնդրեց մեղմ պատիժ և զղջաց:

Դատարանը Ռ. Մանուկյանին իրեն մեղսագրվող արարքում հանցավոր ճանաչեց և դատապարտեց նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով տուգանքի: Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին թողնվեց անփոփոխ:

Իրավաբան. net-ը նախկինում անդրադարձել է այս գործին լուսաբանելով միայն գործի հանգամանքները, որը առաջարկում եք կարդալ` «Հենց այսպես էլ մարդկանց զրկում են իրենց սեփականության իրավունքից»  հոդվածում:

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել