5 տարին մեկ կստուգվի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիությունը. նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգը հաստատելու որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման աշխատանքները կիրականացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:

Հուսալիության ստուգման արդյունքում անձի մասին բացասական եզրակացություն կտրվի, եթե անձը ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար ենթարկվել է քրեական պատասխանատվության:

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում, որպես անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ, անձի մուտքի թույլտվության մերժման համար հիմք կհանդիսանա նաև ՀՀ ազգային անվտանգության մարմիններում առկա տվյալներն անձի կողմից ահաբեկչական, ծայրահեղական կամ հանցավոր այլ գործունեությանն առնչություն ունենալու մասին:

Ինչպես նաև ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում մշտական աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիությունը կստուգվի առնվազն 5 տարին մեկ պարբերականությամբ, կամ նշված ժամկետից շուտ, եթե լիազոր մարմնում ստացվել են այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կասկածի տակ են դնում վերջիններիս հուսալիությունը: Բացասական եզրակացության դեպքում նշված անձիք կզրկվի  անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատելու իրավունքից և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը ենթակա կլինեն լուծման օրենքով սահմանված կարգով:

Նախագծով նախատեսվում է, որ ժամանակավոր աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն աշխատանքներն սկսելուց 50 օր առաջ ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտի ղեկավարությանը կներկայացնեն համապատասխան փաստաթղթեր` թույլտվություն ստանալու նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ կբարձրանա ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների անվտանգության ապահովման մակարդակը և կհստակեցվի տվյալ օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգուման ընթացակարգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել