«Ռենխապ» գործակալության ս/թ հունվարի երեքի հաղորդման համաձայն` Հարավային Կորեայում դատարանը քիմիական կրտումը թույլատրող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ այն կիրառել է մանկապիղծի նկատմամբ:
Դատարանի դատավճռով ամբաստանյալը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Սեռական հակումները նվազեցնող քիմիական դեղամիջոցները նրան կսկսեն տրամադրել ազատություն դուրս գալուց առաջ: Դատապարտյալը պարտավոր կլինի դրանք ընդունել երեք տարվա ընթացքում:
Դատարանն ապացուցված է համարել, որ մանկապիղծը 2011թ. նոյեմբերից 2012թ. մայիսն ընկած ժամանակահատվածում զենքի սպառնալիքի տակ բռնաբարել է հինգ դեռահասի: Բացի այդ, նա սպառնացել է իր զոհերին, որ կհրապարակի իրենց մերկ պատկերող տեսանյութերն ու լուսանկարները:
Մանկապիղծերի քիմիական կրտման մասին օրենքը Հարավային Կորեայում ընդունվել է 2011թ. հուլիս ամսին: Տվյալ օրենքով նախատեսված պատիժը կարող է կիրառվել այն դեպքում, երբ վտանգ կա, որ ամբաստանյալը կկրկնի հանցագործությունը 16 տարին չլրացած անձանց նկատմամբ:
Հարավային Կորեան առաջին ասիական պետությունն է, որտեղ կիրառվում է նման պատիժ մանկապիղծերի նկատմամբ: Մի շարք արևմտյան պետություններում արդեն վաղուց նման անձանց տրամադրում են դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են սեռական հակումները և բացառում են սեռական ակտի հնարավորությունը: Համապատասխան միջոցներ, մասնավորապես, կիրառվում են Գերմանիայում, Դանիայում, Շվեդիայում, Լեհաստանում, ինչպես նաև ԱՄՆ մի շարք նահանգներում:
Ռուսաստանում քիմիական կրտումը` որպես պատժի միջոց, կիրառվում է 2012թ. փետրվարից: Համապատասխան օրենքի համաձայն` այն կարող է կիրառվել միայն մանկապիղծի մանրակրկիտ բժշկական և հոգեբուժական զննումից հետո:
Մեր տեղեկությունների համաձայն` Ռուսաստանում կան նաև հասարակական խմբեր, որոնք փորձում են պայքարել մանկապղծության դեմ: Այդ նպատակով, նրանք համացանցի միջոցով, երեխաների անունից, կապ են հաստատում նման անձանց հետ և հանդիպում են նշանակում, որի ժամանակ բացատրական աշխատանք են տանում նրանց հետ կամ նույնիսկ բռնության դիմում:
Հայաստանի Հանրապետությունում նման պատժամիջոց, ինչպիսինն է քիմիական կրտումը, դեռ սահմանված չէ: Նման անձինք Հայաստանում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 138-142 հոդվածների համաձայն:
Աղբյուրը` Իրավաբան.net