Ո՞ր դեպքերում է շտապօգնությունն ապահովում անվճար շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Բնակչությանը շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը ցուցաբերվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ ապահովելով արտահիվանդանոցային անհետաձգելի շտապ բուժօգնություն և հոսպիտալացում:

Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) ապահովում է անվճար շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերումը հետևյալ իրավիճակներում`

  1. հանկարծակի առաջացած հիվանդությունների դեպքերում,
  2. դժբախտ պատահարների դեպքերում,
  3. քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում են անհետաձգելի բժշկական օգնություն,
  4. վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ, եթե կա անհետաձգելի բժշկական օգնության կամ պացիենտների հոսպիտալացման անհրաժեշտություն,
  5. արտակարգ իրավիճակների ժամանակ:

Բոլոր այն դեպքերում, երբ տրված կանչը հնարավոր է սպասարկել այն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, որտեղ գրանցված է տվյալ պացիենտը, դիսպետչերի խորհրդատվությունից հետո կանչը հեռախոսազանգով փոխանցվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությանը:

Երևան քաղաքում և ՀՀ մարզերի քաղաքային բնակավայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի կանչի վայր ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն` բացառությամբ ձմեռային ամիսներին, երբ բրիգադի ժամանման առավելագույն ժամանակը կարող է հասնել 20 րոպեի` ելնելով ճանապարհային երթևեկության չնախատեսված բարդություններից: Գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն՝ կախված գյուղական համայնքի հեռավորությունից և տեղանքային, կլիմայական պայմաններից: Կանչը սպասարկող բրիգադը տեղում օգնություն ցուցաբերում է առավելագույնը 30 րոպեի ընթացքում: Այն դեպքերում, երբ սահմանված ժամկետում ձեռնարկված միջոցառումները դրական տեղաշարժ չեն արձանագրում, կազմակերպվում է պացիենտի տեղափոխումը տվյալ պրոֆիլի հիվանդանոցային բժշկական կազմակերպություն: Վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտության դեպքում պացիենտի տեղափոխումը համապատասխան պրոֆիլի հիվանդանոցային բժշկական կազմակերպություն կատարվում է անհապաղ:

Պացիենտների հոսպիտալացում շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) իրականացնում է կյանքին վտանգ սպառնացող և անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում` անկախ ախտորոշումից, քաղաքացիությունից և սոցիալական կարգավիճակից, հաշվի առնելով հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում տվյալ պրոֆիլի վերակենդանացման ծառայության և տվյալ պրոֆիլի մահճակալների առկայությունը: Շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) բրիգադների կողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտները ենթակա են անհապաղ բժշկական քննության և, անհրաժեշտության դեպքում, պարտադիր հոսպիտալացման` անկախ տվյալ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում ազատ տեղերի առկայությունից: Հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից շտապ օգնության ծառայության միջոցով տեղափոխված պացիենտների հոսպիտալացման անհարկի մերժման դեպքում տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը՝ տվյալ հերթափոխի ավագ բժշկի կողմից:

Հարցեր և խնդիրներ առաջանալու դեպքում խորհրդատվություն ստանալու նպատակով դիմել` 0047, ք.Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129, հեռ.՝ (374-10) 65-05-53, Էլ. Փոստ [email protected]»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել