Հարկային արտոնությունները չեն տարածվում ՀՀ տարածք ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի վրա

Հարկային արտոնությունը հարկերի, վճարների, տույժերի և տուգանքների հաշվարկման ու վճարման ընդհանուր կարգից և ժամկետներից բացառությունն է, որի արդյունքում չի առաջանում հարկային պարտավորություն կամ նվազում, կամ վերանում է կատարման ենթակա հարկային պարտավորության գումարը, կամ հետաձգվում են դրա հաշվարկման և կատարման ժամկետները:
ՀՀ օրենսդրությամբ ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի կողմից որոշակի գործունեության համար տրվում են հարկային արտոնություններ, սակայն այդ հարկային արտոնությունները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածք այդ անձանց կողմից ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի վրա:
Գործունեության ցանկը, որոնց դեպքում սահմանված է հարկային արտոնություն, հետևյալն է՝

  Գործունեության տեսակները
1. Բնակչության պատվերով կատարվող`
1.1 կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
1.2 հագուստի արտադրություն և նորոգում
1.3 գլխարկների արտադրություն և նորոգում
1.4 գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
1.5 փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
1.6 ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
1.7 համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
1.8 հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
1.9 տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
1.10 այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
1.11 թիթեղագործական գործունեություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
4. Լեզուների ուսուցման դասընթացներ
5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
8. Ստեղծագործական գործունեություն
9. Խնջույքավարների գործունեություն
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
12. Դարբնոցային գործունեություն
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել