Հաշտարարությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում:
Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` իրենց միջև առկա կամ հնարավոր որոշակի վեճը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում համապատասխան վերապահում (հաշտարարության վերաբերյալ վերապահում) կատարելու, այնպես էլ առանձին պայմանագրի (հաշտարարության վերաբերյալ համաձայնագրի) ձևով:
Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր:
Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը պարունակում է՝
1) համաձայնության կնքման տարին, ամիսը, ամսաթիվը.
2) կողմերի անունները (անվանումները), նրանց հասցեները.
3) տեղեկություններ այն իրավահարաբերության վերաբերյալ, որից բխող վեճը պետք է լուծվի հաշտարարությամբ, կամ վեճի առարկան:
Վերոնշյալ պահանջները չբավարարող համաձայնությունն առոչինչ է:
Հաշտարարության վերաբերյալ համաձայնության մեջ կարող են նշվել տեղեկություններ ընտրված հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության մասին: