Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու փաստի վերաբերյալ պատասխան նամակը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր՝ հուլիսի 9-ին, մամուլի ներկայացուցիչների համար հրապարակել է այն նամակը, որով պատասխան են ուղղել  ՀՔԾ-ի կողմից նրան հարցաքննության կանչելու փաստի վերաբերյալ։

«Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ պարոն Էդուարդ Հակոբյանին։ Հարգելի պարոն Հակոբյան,

2018 թվականի հուլիսի 6-ին, ՀՀ պաշտոնաթող նախագահի բնակության վայրում փոստով ստացվել է հարցաքննության կանչելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ծանուցագիրը։ Ծանուցագրով սահմանվում էր, որ հարցաքննության օրն է նույն օրը՝ 2018 թվականի հուլիսի 6-ը, իսկ ժամը՝ 15։30։ Տեղեկացնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետություն կվերադառնա ոչ շուտ, քան 2018 թվականի հուլիսի 25-ը։

Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է  պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին, միաժամանակ, եթե մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր, կամ կապի այլ միջոցներով։

Քանի որ քրեական գործը հասարակական հնչեղություն ունի, այն փաստը, որ գործի առնչվող, իրականությանը համապատասխանող կամ չհամապատասխանող տեղեկությունների պարբերական, միևնույն ժամանակ հատվածական արտահոսք է տեղի ունենում, ինչն աղճատում է գործի էությունն ու դրա հասարակական ընկալումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը որևէ պետական կամ ծառայողական գաղտնիք չեն պարունակելու և կարող են հանրությանը հասու լինել ցանկացած պահի, առաջարկում եմ քննիչին քննարկել այն հնարավորությունը, որ հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրվի մեր ներկայացուցչի կողմից՝ անհրաժեշտության դեպքում հրապարակելու նպատակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը, որպես ՀՀ պաշտոնաթող նախագահ, հանդիսանում է պետական պաշտպանության ենթակա անձ, և ըստ «ՀՀ պետական արարողակարգի մասին» օրենքի հանդիսանում է արարողակարգային ավագություն կրող անձ, առաջարկում եմ նախապես քննարկել 2018 թվականի հուլիսի 25-ից հետո հարցաքննության վայրը և գրությունը ստանալուց հետո ողջամիտ ժամկետներում գրավոր կարձագանքեք դրան»,- նամակն ընթերցեց Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նաև նշեց, որ նամակը հրապարակվել է մոտ մեկ ժամ առաջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել