Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի անձիք, ոչինչ չի փոխվի․ Նիկոլ Փաշինյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրենն օրեր առաջ նշել է մի շարք հանցագործությունների մասին, որոնք առաջիկա ժամանակներում կբացահայտվեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թեմայով այսօր՝ մայիսի 21-ին, կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ես կարծում եմ, որ և՛ ԱԱԾ-ն, և՛ մյուս բոլոր մարմինները լիարժեք պետք է կատարեն իրենց գործառույթները, և սրանով ամեն ինչ ասված է։ ԱԱԾ տնօրենն արել է հայտարարություններ, երբ կլինեն կոնկրետ գործողություններ, կարծում եմ, հանրությունը կիրազեկվի, հույս ունեմ, որ դուք չեք ակնկալում, որ ես հիմա ինչ-որ օպերատիվ տեղեկություններ բացահայտեմ։ ԱԱԾ տնօրենը ծառայության գործունեության մասին պարբերաբար, ամենօրյա ռեժիմով զեկուցում է ինձ, և ես ընդհանուր առմամբ տեղյակ եմ, ես շատ մանրամասների մեջ չեմ մտնում, որովհետև կարծում եմ, որ ԱԱԾ-ն և տնօրենը պետք է իրենց գործունեությունը ծավալեն»։

Նա նաև նշեց, որ եթե այնպես ստացվի, որ ինչ-ինչ հանցագործություններում իր ընկերներից կամ անգամ ընտանիքի անդամներից մարդիկ լինեն ներգրավված, ապա ոչ մի տարբերություն չի լինի․ «Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի անձիք, ոչինչ չի փոխվի»,- ընդգծեց Փաշինյանը։

Այն հարցին, թե կա՞ն գործեր, բացահայտումներ, որտեղ կոռուպցիոն դրսևորումներ են նկատվել, Փաշինյանը պատասխանեց․ «Այո, կան,  և կուղարկվեն  որոշ գործեր իրավապահ մարմիններին, և նաև ոստիկանությունում կան այդպիսի գործեր, բայց էլի եմ ասում, մենք չպետք է որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտենք, և ամեն ինչ պետք է ընթանա օրենքին խստագույն համապատասխան»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել