Ստեղծվեց Ազգային ժողովի և ՓՄՁ-ների միջև երկխոսությունն ապահովող մարմին

Այսօր՝ ապրիլի 6-ին, տեղի ունեցավ բիզնես շահերը ներկայացնող կառույցների կողմից համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Հուշագրի ստորագրմամբ ստեղծվեց Ազգային ժողովի և ՓՄՁ-ների միջև երկխոսությունն ապահովող մարմին՝ ՓՄՁ համագործակցության խորհուրդը:

Այսպիսով, բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները գալիս են համաձայնության, հիմնադրելու պետություն-մասնավոր հատված երկխոսության համար մի նոր հարթակ, որն ուղղված է լինելու ուժեղացնել ԱԺ պատգամավորների և ՀՀ-ում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների կապը, լուծելու վերջիններիս օրենսդրական խնդիրները:

«Մենք փորձ ենք անում ուժեղացնել մեր օրենսդիր մարմինը, քանի որ մենք բոլորս գիտենք, որ այդտեղ ունենք խեղաթյուրված պատկեր: Վերլուծությունները ուսումնասիրելով հասկանում ենք, որ օրենսդրական նախաձեռնություններից 10-ից 7-ի դեպքում գործադիր մարմնի կողմից բերված նախագծերն են և նրանք չեն կարող օբյեկտիվ լինել, քանի այդ կանոնները, օրենքները կիրառողները հենց նրանք են»,-նշեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյան:

Այս պահին հուշագրի ստորագրմանը միացել են թվով 11 կառույց:

Դրանք են՝

  1. ՓՄՁ համագործակցության ասոցիացիան,
  2. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը,
  3. Հայաստանի տրանսպորտային առաքողների միությունը,
  4. Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը,
  5. Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատը,
  6. Լոռու մարզի առևտրաարդյունաբերական պալատը,
  7. Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան,
  8. Հայաստանի գյուղատնտեսական դաշինքը,
  9. Հայ-բրիտանական գործարարության պալատը,
  10. Եվրոպական բիզնես ասոցիացիան,
  11. Վայոց Ձորի առևտրաարդյունաբերական պալատը:

«Հուշագրի ստորագրումով հույս ունենք լուծել փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրները, որպեսզի նրանց ձայնը հասանելի դառնա պետական կառույցներին՝  օրենքներ քննարկելիս, դրանցում փոփոխություններ կատարելիս և նոր օրենքներ ընդունելիս: Իմ կարծիքով, այս կառույցի ստեղծումից հետո  ՓՄՁ-ները ավելի մեծ հնարավորություն կունենան իրենց հուզող հարցերը բարձրացնելու, պետական մակարդակում քննարկումներ անելու»,-նշեց Հայ-բրիտանական գործարարության պալատի գործադիր տնօրեն Նաիրա Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել