Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի 14 անդամի գործով արտագնա դատական նիստը:
Մինչ նիստը սկսվելը դատական կարգադրիչները փաստաբաններին դատական նիստերի դահլիճ ներս թողնելու համար զննության ենթարկեցին։
Սակայն փաստաբաններ Արա Զաքարյանին, Լուսինե Սահակյանին և Մուշեղ Շուշանյանին կարգադրիչները չթույլատրեցին մտնել նիստերի դահլիճ, քանի որ նրանք հրաժարվեցին բացել պայուսակներն ու ներկայացնել պարունակությունը։ Ըստ պաշտպանների՝ զննությունն անօրինական է։
Լուսինե Սահակյանը նշեց, որ իր պայուսակում ընդամենը մեկ անձեռոցիկ է, իսկ մետաղորսիչ սարքերը ձայն են արձակում՝ պայուսակի վրայի մետաղական կտորների պատճառով։
Արա Զաքարյանը խնդրեց կարգադրիչներին ներկայացնել արգելված իրերի ցանկը, որոնց առկայության դեպքում չի թույլատրվում մուտք գործել նիստերի դահլիճ։
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը այս քայլի մեջ միտում է տեսնում. «Իմ գործընկերների մեջ կան մարդիկ, որոնց պայուսակը ազդանշան է տվել, սակայն նրանք կարողացել են մտնել նիստերի դահլիճ։ Բացի առաջին երկու դատական նիստից, չեմ կարողացել մասնակցել մյուս նիստերին։ Դատարանը դիտարկում է որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և հանրային պաշտպան է ներգրավում, ինչը խախտում է իմ և իմ պաշտպանյալի իրավունքը»։
Այնուհետև Արա Զարքարյանն իր պայուսակը փոխարինեց տոպրակով և ներկայացավ նիստին։
Նիստի մեկնարկին դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցեց Լուսինե Սահակյանի և Մուշեղ Շուշանյանի վերաբերյալ կազմած կարգադրիչների արձանագրությունը։ «Սասնա ծռեր»-ի անդամ, ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը փորձեց ինչ-որ հայտարարություն անել, սակայն դատավորը նրան նախազգուշացրեց, որ նիստը խանգարելու դեպքում սանկցիա կկիրառի։
Սակայն նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և ընդամենը ջուր է խնդրում։ Այնուամենայնիվ, դատավորը որոշում կայացրեց Արայիկ Խանդոյանին նիստերի դահլիճից հեռացնելու վերաբերյալ։
Ապա Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի ու Լուսինե Սահակյանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու։
Այնուհետև հրապարակվեց որոշումը՝ փաստաբանների վերաբերյալ հերթական անգամ սանկցիա կիրառելու վերաբերյալ: Որոշվեց նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ:
Այնուհետև նիստերի քարտուղարուհին զեկուցեց, որ դատարանի դահլիճից բացակայում է Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Նա դիմում էր ներկայացրել, որում նշված էր, որ իր անհամաձայնությունն է հայտնում դատական նիստում կատարված ապօրինի գործողությունների վերաբերյալ։
«Դուք ընթերցելով կարգադրիչների արձանագրությունն, ընթացքում դահլիճից հեռացնելով իմ պաշտպանյալին, թույլ չտվեցիք որևէ պաշտպանի դիքորոշում հայտնել։ Հայտնում եմ, որ ինձ զննելու ժամանակ մետաղորսիչ սարքը բազմաթիվ ձայնային ազդանշաններ արձակեց, իմ պայուսակում առկա էին մետաղական բազմաթիվ առարկաներ, սակայն ինձ անարգել ներս թողեցիք։ Իմ գործընկերներ Մուշեղ Շուշանյանը, Լուսինե Սահակյանը նույնանման պայմաններում չկարողացան ներս մտնել։ Դուք ձեր գործողություններով խոչընդոտում եք փաստաբանների աշխատանքը։ Ես այս դատական նիստին չեմ մասնակցի»,- ընթերցեց դատավորը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Պապիկյանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու։
Վերադառնալուց հետո դատարանն Արայիկ Պապիկյանի նկատամբ ևս կիրառեց սանկցիա՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ:
Նիստի ընթացքում պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, ապահովել դատավարության մասնակիցների առկայությունը, վերացնել փաստաբաններին խուզարկելու ապօրինի գործընթացը, հնարավորություն տալ ստանալու իր ներկայացրած միջորդությունը, դա ուսումնասիրելու և դրա վերաբերյալ կարծիք հայտնելու համար։ Պաշտպանները միացան Զաքարյանի միջնորդությանը, սակայն դատարանը չբավարարվեց այն՝ համարելով, որ ոչ ժամանակին արված միջնորդություն է։
«Սասնա ծռեր»-ի անդամ, ամբաստանյալ Կարո Եղնուկյանը դիմում էր ներկայացրել դատարան։ Դատավորը ներկայացրեց, որ Եղնուկյանն իր դիմումով խնդրում է որպես իր պաշտպանյալ ներգրավել նաև Նինա Կարապետյանին։ Դատավորը դիմումը բավարարեց։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 13-ին:
Արմինե Ալոյան