«Սասնա ծռերի» գործով դատավորը սանկցիաներ կիրառեց ամբաստանյալների ու պաշտպանի նկատմամբ

Գյուլիքևխվյան փողոցում այսօր ողջ երկայնքով ոստիկանական մեքենաներ էին կայանած, այստեղ է գտնվում Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այս նույն դատարանում հունիսի 21-ին տեղի ունեցավ «Սասնա ծերի» գործով հերթական նիստը։

Դատաքննությունն ընթանում է արդեն նորացված նիստերի դահլիճում։ Վայրը փոխվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ՝ հաշվի առնելով նաև գործով անցնող ամբաստանյալների փաստաբանների հայտարարությունն, ըստ որի՝ Էրեբունու դատարանում սույն գործով նիստեր անցկացնելու համապատասխան պայմաններ չկան։

Այսօրվա դատական նիստից առաջ կրկին իր մասին հիշեցնել տվեց զննության ինստիտուտը․ դատարան մուտք գործելիս դատական կարգադրիչները փորձեցին զննության ենթարկել մի քանի փաստաբանների պայուսակները՝ հայտարարելով, որ համապատասխան սարքն դրանցում երկաթե իր լինելու ազդանշան է տվել, փաստաբաններից ոմանք, մասնավորապես՝ Տիգրան Հայրապետյանը, Երվանդ Վարոսյանը, Արայիկ Պապիկյանը, Լուսինե Սահակյանը, Մարինե Ֆարմանյանը հրաժարվեցին ենթարկվել դատական կարգադրիչների պահանջներին և մուտք չգործեցին նիստերի դահլիճ, թեև ավելի ուշ դատական կարգադրիչները նրանց առջև նման պահանջ չդրեցին, ուստի պաշտպանները մտան ներս։

Այսօր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց ամբաստանյլաներից երկուսին՝ Գագիկ Եղիազարյանին և Վարուժան Ավետիսյանին, սակայն տեսնելով, որ նրանք առանց թույլտվության ելույթներ են ունենում, 6 ժամով դատաքննությունից հեռացրեց։ Գագիկ Եղիազարյանի պաշտպանը՝ Տիգրան Եգորյանը, ընդմիջումից հետո չներկայացավ՝ դատարանին դիմումի միջոցով հայտնելով, որ իր պաշտպանյալի բացակայության պայմաններում ինքը չի կարող և լիազորված էլ չէ մասնակցել դատաքննությանը։ Այս հանգամանքը զայրացրեց դատավորին, ով նոր սանկցիա կիրառեց, այս անգամ փաստաբանի նկատմամբ։

Դատավորի գործողությունների վերաբերյալ առարկություններ հայտնեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ շեշտելով, որ դատական նիստին ներկա չէ ամբաստանյալներից մեկի պաշտպան Հայկ Ալումյանը, ուստի, ըստ փաստաբանի՝ դատավորը առանց նրա ներկայության իրավասու չէ դատական նիստ վարել, այն էլ կարգապահական տույժեր կիրառել։ Դատավորը հակառակ կարծիքին էր, նրա խոսքերով՝ դատարանը դեռևս նախնական քննություն է իրականացնում, ուստի նա իրավասու է սանկցիաներ կիրառել։

Դատական նիստերն անցնում էին դրական մթնոլորտում նիստերի դահլիճի ապակեպատ դռնից այն կողմ, որտեղ ամբաստանյալները երգում էին ու ժպիտով դիմավորում իրենց հարազատներին, իսկ դահլիճի այս կողմում, որտեղ ամբաստանյալների ընտանիքի անդամներն էին, ժամանակ առ ժամանակ մթնոլորտը կտրուկ լարվում էր․ ամբաստանյալներից ոմանք, ինչպես նաև նրանց պաշտպանները միկրոֆոնին մոտիկ չէի խոսում, նրանց ձայնը գրեթե չէր լսվում, ինչը զայրացնում էր ներկաներին։

Հիշեցնենք՝ այս գործով անցնում են 14 անձիք։ Նրանց մեղադրանք է առաջադրվել տարբեր հոդվածներով, այդ թվում՝ 2016թ․ հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, պատանդներ պահելու համար, ամբաստանյալներից ոմանց էլ՝ գնդի տարածքում գտնվող բանկոմատից խոշոր չափի գումար գողանալու համար։ ՊՊԾ գնդի գրավումից 15 անց զինված խումբը զենքը վայր է դրել, այդ ընթացքում 3 ոստիկան է զոհվել։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել