2017թ. հունվարի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ՀՀ ազգային ժողովի ընդունած «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր ՀՀ օրենքը, որով օրենսդրական կարգավորումներ են նախատեսվել կամավորների համար:
Թեև կամավորականությունը մշտապես եղել և մնում է քաղաքացիական ակտիվության հիմնական տարրերից մեկը, սակայն կամավորների աշխատանքի ընթացքում առաջացող հարաբերությունները ՀՀ օրենսդրությամբ թերի էին կարգավորված, որը խոչնդոտում էր մասնավորապես՝ ՀԿ-ների կողմից իրականացվող ծավալուն և հանրային նշանակության ծրագրերում օրինական հիմունքներով կամավորների ներգրավմանը: ՀԿ-ն կարող է իր նպատակներին համապատասխան՝ ունենալ հնարավոր կամ փաստացի շահառուներ, ինչպես նաև իր աշխատանքներում ներգրավել կամավորների: Առաջարկվող փոփոխություններով ստեղծվել են ՀԿ-ների կամավորների օրինական աշխատանքի, ինչպես նաև նրանց և ՀԿ-ների շահառուների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ:
Մասնավորապես, վերոնշյալ օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Վերոնշյալ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն`
1. Կազմակերպությունը կարող է իր նպատակներին համապատասխան՝ ունենալ շահառուներ, ինչպես նաև իր աշխատանքներում ներգրավել կամավորներ:
2. Կազմակերպության շահառուներն են նրա կանոնադրությամբ նախատեսված անձինք կամ անձանց խմբերը, ի շահ որոնց իրականացվում է Կազմակերպության գործունեությունը: Կազմակերպության կողմից կամավորներ ներգրավելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը այնքանով, որքանով այդ կարգավորումները չեն հակասում սույն օրենքին:
3. Եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազացնում է շաբաթական 20 ժամը, ապա Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:
4. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համաձայնություն է կամավորի և Կազմակերպության միջև, որի հիման վրա կամավորն իր կամքով, առանց վարձատրության և որոշակի ժամկետով իրականացնում է կամավոր աշխատանք, իսկ Կազմակերպությունը ապահովում է կամավոր աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ:
5. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում նշվում են`
1) պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը,
2) Կազմակերպության անվանումը,
3) Կազմակերպության անունից պայմանագիրը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը,
4) կամավորի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը,
5) կամավոր աշխատանքի նկարագիրը և աշխատանքային գործառույթները, իրականացման կարգը և պայմանները,
6) Կազմակերպության և կամավորի իրավունքները եւ պարտականությունները,
7) աշխատաժամանակի ռեժիմը,
8) պայմանագրի գործողության ժամկետը:
Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում կարող են ներառվել նաև կամավոր աշխատանքի վերաբերյալ այլ պայմանները:
6. Կազմակերպությունը կամավորին հատուցում է տրամադրում կամավոր աշխատանքի իրականացման արդյունքում վերջինիս կողմից փաստացի կատարված ծախսերի դիմաց:
7. Արգելվում է կամավորներին ներգրավել Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության մեջ։
8. Կամավոր աշխատանքի հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Վերոնշյալ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` կազմակերպությունը պարտավոր է վարել իր անդամների և կամավորների հաշվառումը:
Վերոնշյալ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն` կազմակերպության հաշվետվությունը ներառում է անդամների, ինչպես նաև կամավորների թիվը՝ (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ), այդ թվում նշում Կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին.
Հարկ է նշել, որ վերոնշյալ իրավական ակտի հիմնավորման մեջ տրված է կամավորների սահմանումը` այն քաղաքացիները, ովքեր կազմակերպության հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով՝ կազմակերպության կամ իրենց հաշվին, կազմակերպության կամ նրա շահառուների օգտին անհատույց կատարում են որոշակի աշխատանքներ, գործողություններ կամ իրականացնում են որոշակի գործունեություն:
Պատրաստվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ գործարկվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում: