ԴԱՀԿ Շիրակի մարզային բաժինը և հայցվորը կփորձեն հաշտության գալ

Այսօր ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում նախագահությամբ է. Նահապետյանի կայացավ դատական նիստն ըստ հայցի Մխիթար Հարությունյանի` ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի թիվ 08-631/11 և 08-648/11 կատարողական վարույթներով` արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի 10.08.2011թ. որոշումն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջի մասին: Սույն գործով կիրառվել էր հայցի ապահովում` գույքի դրամական միջոցների վրա արգելանք էր դրվել:
Գործով պատասխանող ներգրավված էր ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժինը, իսկ նույն գործով երրորդ անձին էին` Գալուստ Առաքելյանը, Գոհար Իսկանդարյանը և Գայանե Մխիթարյանը:
Պատասխանող` ԴԱՀԿ ծառայության բաժնի ներկայացուցիչը չէր ներկայացել դատական նիստին և նախագահող դատավորը, հաշվի առնելով կողմերի կարծիքները, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշեց դատական նիստն անցկացնել վերջինիս բացակայությամբ:
Դատաքննության ընթացքում կողմերը որոշեցին գտնել հաշտության եզրեր և դատարանին հայտնեցին իրենց դիրքորոշումը` հաշտության համաձայնություն կնքելու մասին, իսկ դատարանը, նշելով վարչական դատավարության առանձնահատկությունների մասին, նշեց` համաձայն վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի` վարչական վարույթի ընթացքում կողմերի հաշտության համաձայնության գալը համարվում է հայցվորի հրաժարում հայցից: Դատարանը հայտնեց իր դրական դիրքորոշումը նման որոշման համար:
Վարչական դատավարության ընթացակարգի համաձայն նախագահող դատավորը որորշեց հաջորդ դատական նիստը նշանակել սույն թվականի հոկտեմբերի 19-ին ժամը 16.00-ին:

Հանրային թղթակից՝ Լուսաբեր Տեր- Գևորգյան

Աղբյւորը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել