Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. այս դատարանում քննել են հանրապետության թերևս ամենաաղմկահարույց գործերը, այս դատարանի դիմաց կրակել են, այս դատարանը ճանաչվեց լավագույնը 2015թ.-ին, այս դատարանը կարող էր ավելի շատ հարկեր ունենալ ու դատավորները ստիպված չէին լինի աշխատել այլ վայրում, բայց չստացվեց, որովհետև խանգարում էր ընդհանուր պատկերին ու կարծրատիպային մոտեցումներին:
«Իսկ դուք գիտեք՝ դատարանի քաղաքացիական գործերից որքա՞ն տոկոսն է բողոքարկվում»,- դատական համակարգից դժգոհողներին հարցնում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ու պատասխանում. «Ընդամենը 4 տոկոսը»:
Դատական կաշառքների գնացուցակներից՝ դատավորների ծանրաբեռնվածություն, արդարացում, կալանավորում և գրավ:
Ինչո՞ւ դատարանում քանդեցին փաստաբանների համար նախատեսված սենյակը, ինչո՞ւ էր ԱՄՆ գերագույն դատարանի դատավորը հայ գործընկերներին հորդորում մոռանալ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու մասին, ի՞նչ խնդիրներ կան համակարգում, ինչպե՞ս պայքարել ծանրաբեռնվածության դեմ և ի՞նչ է կատակով Ռուբեն Վարդազարյանը զգուշացնում երիտասարդ դատավորներին:
Իրավաբան.net-ի նոր նախագծի՝ «Հայաստանի դատարանները» շարքի առաջին զրուցակիցն է Ռուբեն Վարդազարյանը:
– 2015 թվականի «Տարվա լավագույն դատարան» է ճանաչվել նաև Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները: Ի՞նչ եղանակներով է որոշվել, որ հենց Ձեր դատարանն է լավագույններից մեկը:
– Հաշվի են առնում գրեթե բոլոր չափանիշները՝ ծանրաբեռնվածություն, դատական ակտերի կայունություն և որակ, բացի այդ քաղաքացիների դիմում-բողոքների քանակը դատարանի կամ դատավորի նկատմամբ: Ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որն էլ որոշում է լավագույն դատարանին:
– Հայաստանի Հանրապետության դատարանները 2015թ. ընթացքում կայացրել են 136 արդարացման դատական ակտ՝ 157 անձի վերաբերյալ, որոնցից 110 անձ արդարացվել է լրիվ, իսկ 47-ը՝ մասնակի: Ընդհանուր թվի հետ համեմատական անցկացնելով, պարզ է դառնում, որ արդարացվել է քրեական հետապնդում իրականացվող 3869 անձանցից 4.1 տոկոսը: Մեզ հետ զրույցում և փաստաբանները, և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը վստահեցնում էին, որ արդարացման դատավճիռների թիվն ավելացել է: Ինչո՞վ եք Դուք այս հանգամանքը պայմանավորում ու ի՞նչ մոտեցումներ են որդեգրվել Ձեր նախագահությամբ գործող դատարանում: Ի՞նչ վիճակագրություն է Կենտրոնի դատարանում:
– Վիճակագրությունը հետևյալն է, Կենտրոն դատարանը 2015թ. կայացրել է 35 արդարացման դատական ակտ, իսկ մնացած դատարաններն իրար հետ միասին վերցրած ամբողջությամբ կայացրել են 34 դատական ակտ, մենակ Կենտրոնը մեկ ակտով ավելի է, քան թե մնացածը միասին վերցրած: Սակայն ինձ համար անհասկանալի կատեգորիա է՝ դրական է, թե՞ բացասական արդարացման դատական ակտ կայացնելը: Ես կատակով իմ կոլեգաներին ասացի, որ նորանշանակ երիտասարդ դատավորներին զգուշացրեք, որ աջ ու ձախ արդարացնելով խնդիր կառաջանա, ի վերջո անհիմն արդարացումը հավասարազոր է անհիմն մեղադրական դատական ակտի հետ: Սա ընդամենը վիճակագրություն է, որը որ միգուցե որևէ բան նշանակում է, սակայն կոնկրետ գործը քննող դատավորի համար ոչինչ է: Ինչով է պայմանավորված, որ դատավորները սկսել են արդարացման դատական ակտեր կայացնել, երևի թե մի փոքր ժողովրդական բառով կստացվի՝ առավել համարձակ են ստացել, հետևանքների մասին չենք վախենում, առաջ յուրաքանչյուր արդարացումը մի մեծ պատմություն էր ստեղծում հետաքննության, նախաքննության մարմնում, դատախազությունում և այլն: Որպեսզի այդ պատմություններից խուսափենք, անմեղ մարդուն ասում էինք՝ լավ պայմանական տանք, բայց մեղադրական դատական ակտն ի վերջո կայացվում էր: Հիմա մենք ավելի անկաշկանդ ենք:
– Կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառումը շարունակում է մտահոգիչ դիրքում մնալ: Արատավոր պրակտիկայի մասին է վկայում նաև վիճակագրությունը. 2015թ.-ին առաջին ատյաններում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2452 միջնորդություններ է արվել, որոնցից բավարարվել է 2263-ը, իսկ մերժվել՝ ընդամենը 154 միջնորդություն, այսինքն՝ մերժվել է ընդհանուր թվի միայն 6 տոկոսը: Ձեր գնահատականը այս իրավիճակի:
– Մշակույթի, տարիների ընթացքում ձևավորված աշխատելաոճի խնդիր է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը: Մեր պետությունը երկար տարիներ գնացել է այդ եղանակով: Նոր է սառույցը կոտրվել: Քրեական դատավարության նոր օրենսգիրքը տնային կալանք է առաջարկում և այլն: Հասարակական շրջանում էլ թյուր կարծիք է ձևավորված, օրինակ՝ մահվան ելքով վթար է տեղի ունեցել, հանցագործությունը միջին ծանրության է և անզգույշ հանցագործություն է: Ամբողջ աշխարհում չկա, որ անզգույշ հանցագործության ու դիտավորություն չունեցող հանցագործության պարագայում կալանք լինի, սակայն այսօր մենք ունենք հարևաններ, ծանոթներ, բարեկամներ ու ընկերներ, որոնց վերաբերմունքն այսպիսին է՝ մարդ սպանեց ու գրավով դուրս մնաց, երբ փորձում ես բացատրել, որ անզգույշ հանցագործություն է, սպանություն չի, ի սկզբանե ընտրվել է կալանքը, փոխարինվել գրավով, միևնույն է վերջում հասկանում ես, որ մարդը նույն մտքին է: Ուստի տարիներ է պետք, որ մարդկանց մտածելակերպը փոխվի, դատավորները հասկանում են, նրանք պատրաստ են դա անելու, բայց հասարակական կարծիքը պետք է հասնի դրան:
– Մտահոգիչ է նաև գրավի վերաբերյալ պատկերը. 2015թ.-ին մինչդատական վարույթում առաջի ատյանի դատարանները ստացել են գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին 604 միջնորդություններ, որոնցից մերժվել է 460-ը, բավարարվել 112 միջնորդություն, այսինքն՝ 18 տոկոսն է միայն բավարարվել:
– Գլոբալ առումով նույն խնդիրն է, ինչ կալանավորման դեպքում: Գրավ ու մերժում եկեք նույն դաշտում դիտենք, կալանավորումն՝ այլ դաշտում, նույն հիմնավորումներն են:
– Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում կոռուպցիան ձեր դատարանում նվազեցնելու համար:
– Եթե ես հասկանամ՝ ինչ նկատի ունեք կոռուպցիա ասելով, կկարողանամ պատասխանել:
– Որակումները տարբեր են, օրինակի համար՝ կաշառք դատավորին, որի մասին 2013թ. իր զեկույցում խոսում էր Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը:
– Խայտառակ զեկույց էր, երևի թե, ոչ ոք դատական համակարգին ու դատարանին որպես ինստիտուտի այդքան վնաս չի պատճառել, որքան ՄԻ նախկին պաշտպանի զեկույցն ու իր տպած գնացուցակը: Դա ընդամենը ցեխ շպրտել էր: Մի մարդ, ով որևէ հանգամանքից նեղացած է՝ դատական իշխանությունից կամ դատավորից, փորձեց այդ եղանակով վրեժ լուծել: Ամենավատ զարգացումները տեղի ունեցան այդ զեկույցից հետո, դատական համակարգը երկար ժամանակ դեռ վերականգնվում էր: Խոսենք այլ խնդրից՝ երբեմն պետական պաշտոնյաներ՝ լինի նախարար, փոխնախարար, պատգամավոր կամ էլ այլ պետական չինովնիկ, իր ելույթը սկսում է հետևյալ կերպ՝ «ինչպես հայտնի է դատարանին չեն վստահում բնակչության 80 տոկոսը», իմիջայլոց ասում է ու շարժվում է առաջ: Կարծես սա մի խումբ անձանց կողմից ձևավորված կարծիք է, որը իրար փոխանցելով տարածվում է՝ վստահեցնելով, թե դատարաններում կա կոռուպցիա: Ես չեմ ասում՝ չկա: Այո, կա սրիկա ու կաշառակեր դատավոր, բայց բացարձակ համաձայն չեմ, որ համատարած կոռուպցիա է տիրում դատական իշխանությունում: Ձևավորվել է մի կարծրատիպ, որ դատավորները կոռումպացված են, եկեք դրա դեմ պայքարենք: Այո, եկեք պայքարենք, բայց ընդհանուր ցեխ շպրտելու գաղափարի հետ համաձայն չեմ: Ի վերջո, այսօր բոլորն անխտիր դժգոհ են դատարանից՝ հայցվորը, պատասխանողը, դատախազը, պաշտպանն ու ամբաստանյալը: Արդյոք դատարանն այդքան վա՞տ է աշխատում: Վստահաբար ասում եմ՝ դատարանն այսօր պետական մարմիններից ամենակայացածն է: Ամենաշատ քննադատողները, դատական իշխանությանը չվստահող անձիք, առաջինն իրենք են վազում դատարան, եթե անգամ մատները փուշ է մտնում: Բացի այդ, մի հասարակությունում, որտեղ դատարաններին չեն վստահում, կարո՞ղ են գնալով շատանալ հայցերի ու քրեական գործերի քանակը: Մինչև Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության գալը, ակնհայտ էր՝ ինչ է նշանակում դատարանին չվստահել: Այդ տարիներին Վրաստանում քաղաքացին գնում էր փաստաբանի մոտ, ասում՝ ես խնդիր ունեմ, հայցով մտնենք դատարան, պատասխան էր ստանում՝ ավելի լավ է գնանք քրեական հեղինակությունների մոտ, ովքեր ավելի շուտ ու որակով հարցը կլուծեն: Այ, դատարանին չվստահելն դա է, իսկ գործերի քանակի ավելացումը բացարձակ այլ հանգամանքի մասին է խոսում՝ ժողովուրդը վստահում է դատարաններին: Իսկ դուք գիտե՞ք քանի տոկոսն է բողոքարկվում, զարմանալի վիճակագրություն ասեմ՝ քաղաքացիական գործերի վիճարկումը 4 տոկոս է ընդամենը կազմում, առաջին ատյանի դատարանի կայացրած 96 տոկոս դատական ակտերը մտնում են ուժի մեջ: Այս աղմուկը կատարվում է 4 տոկոսի շուրջ: Մի հետաքրքիր դեպք պատմեմ, ԱՄՆ դեսպանատունը շատ հետաքրքիր այց էր կազմակերպել ԱՄՆ՝ ծանոթանալու տեղի դատական համակարգին: Հանդիպեցինք նաև ԱՄՆ գերագույն դատարանի դատավոր Սթիվեն Բրայերի հետ, պատկառելի մի մարդ: Նրան հարցրինք՝ ինչպե՞ս անենք, որ դատարանին վստահեն, պատասխանեց՝ «մոռացեք, դատարանին ոչ մի տեղ չեն վստահում», անգամ ԱՄՆ-ում: Խնդիրը հետևյալն է, երբ գործը քննվում է դատարանում ու ավարտվում է, երկու ելք ունի՝ կամ փաստաբանն ասում է՝ ես այնքան խելացի էի, որ հաղթեցի, իսկ պարտվելիս՝ ասում է՝ դատավորը կաշառված է, տպավորություն է ստեղծվում, թե դատարան չկա»: Իրականում այդպես չէ:
– Ինչպե՞ս է դատարանի ծանրաբեռնվածությունը բաշխվում՝ քաղաքացիական և քրեական գործերով: Չեք կարծո՞ւմ, որ պետք է դատավորների քանակն ավելացնել:
– Մեր դատարանը 2015թ. ստացել է 5878 քաղաքացիական գործ, 323՝ քրեական, բացի այդ ստացել ենք՝ մինչդատական վարույթ 2677, և օպերատիվ բլոկի մինչդատական վարույթներից մոտ 4200: 14 դատավոր են աշխատում դատարանում, ասել, որ ծանրաբեռնված ենք, նշանակում է՝ ոչինչ չասել: Ես պարզապես զարմանում եմ, թե երբ ենք մենք հասցնում դատական ակտ գրել, եթե առավոտվանից մինչև աշխատանքային օրվա ավարտը դատական նիստերի դահլիճում ենք: Վիճակագրություն կա՝ որքան կարող է դատավորը գործ քննել, մերը տասնյակ անգամներ գերազանցում է միջազգային պրակտիկան: Միանշանակ պետք է դատավորների քանակն ավելացնել: Պատկերացնում եք՝ 6000 քաղաքացիական գործ: Թույլ եմ տալիս ինձ հետևյալն ասել, մեր դատարանը մի մեծ առանձնահատկություն ունի, այսքան քաղաքացիական գործ այլ վարչական շրջանում, բացարձակ նույնը չէ, ինչ Կենտրոնում, որովհետև բոլոր բանկերի մայր գրասենյակները, բոլոր նախարարությունները, պետական մարմիններն ու բուհերը, իրավաբանական անձի գրանցման հասցեն, բոլոր կուսակցությունները, բոլորը կենտրոնում են: Այնպիսի հայց, որտեղ իրար են բախվում Հայաստանի ամենահզոր ուժերը միայն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կարող է լինել:
– Ի դեպ, ավելացնեմ՝ նաև ամենահնչեղ քրեական գործերը, սկանդալային իրադարձություններն ու թունդ դատաքննությունները կենտրոնում են:
– Միանշանակ այդպես է, հիմա մենք մի փոքր կթեթևանանք, Արաբկիրը կծանրաբեռնվի, քանի որ ՔԿ-ն ու ՀՔԾ-ն են տեղափոխվել այդ վարչական շրջան, բայց քանի դեռ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն մնում են այստեղ, մենք ունենալու ենք հնչեղ ու բարդ քրեական գործեր: Մյուսներինը ես չեմ ցանկանում նվաստացնել:
– Բայց ամեն դեպքում օբյեկտիվ հայացք գցելիս ակնհայտ է դա:
– Այո, օբյեկտիվորեն մերը որոշ առումով տարբերվում է:
– Ձեր դատարանը միջազգային չափանիշներով կառուցված դատարան է, արդյոք ունի՞ փաստաբանների համար նախատեսված սենյակ, եթե՝ ոչ, ապա՝ չեք կարծում, որ հարկավոր է այդպիսին ստեղծել, որպեսզի փաստաբանն իր վստահորդի հետ առանձնանա:
– Շատ կարևոր հարց տվեցիք՝ չենք նախատեսում. պարզ ու հասարակ պատճառով, եթե կարողանանք նախատեսել, ապա պետք է լուծենք 5 դատավորի հարցը, ովքեր աշխատում են Քանաքեռ վարչական շրջանում՝ այլ շենքում: Տեղ չունենք պարզապես: Նախկինում փաստաբանների համար նախատեսված սենյակ կար, բայց այն քանդեցինք ու դահլիճ դարձրեցինք, որ դատավորներից մեկը կարողանան նիստ իրականացնել: Մենք՝ դատավորներս իրար հետ դահլիճներն ենք կիսում: Ինչի՛ մասին է խոսքը:
– Շենքի տարածքն ընդլայնելու պլաննե՞ր չկան:
– Հասցեատերը ես չեմ, ցանկություն ունեմ, պատրաստ եմ իմ ուժն ու եռանդը ներդնել, բայց ֆինանսավորողը լինելու է կա՛մ միջազգային կազմակերպություն, կա՛մ էլ կառավարությունը: Ընդ որում՝ ասեմ Ձեզ՝ այս շենքը նախատեսված է եղել 4 հարկ, բայց Վեհափառ հայրապետը դեմ է կանգնել նախագծին՝ ասելով, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսարանը կփակվի, ուստի մի հարկ քիչ են կառուցել, բայց այդ ժամանակ ես դատարանում չեմ աշխատել, այդ տեղեկությունն ինձ հասել է լուրերի մակարդակով: Այդուհանդերձ, եթե հիմա անգամ մեկ հարկ բարձրանան, չի հերիքի: Դատարանը նախագծված է եղել 8 դատավորի համար:
– Քանի խոսք գնաց սենյակներից, մի իրավիճակ հիշեցի՝ խորհրդային տարիներին ընդունված էր, որ երբ նիստը ուշ է սկսվում դատախազը սրճում է դատավորի սենյակում, իսկ փաստաբանը՝ սպասում միջանցքում: Հիմա ինչպե՞ս է:
– Մեր դատարաններում կա փակ գոտի, որտեղ պրակտիկորեն ո՛չ փաստաբանը, ո՛չ էլ դատախազը չեն բարձրանում: Կարող են բարձրանալ հատուկ անցագրով, եթե հիմնավորեն: Նաև հասկանում են, որ եթե պետք է կոռուպցիոն զրույց ունենալ, չեն գա դատարանի շենք: Համենայն դեպս, ես խիստ եմ նման երևույթների նկատմամբ:
– Ինչպե՞ս է դատարանը համագործակցում բուհերի հետ, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան ծանոթանալ դատական համակարգի գործունեությանը:
– Ես ինքս ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում պետական ավարտական քննությունների պետական հանձնաժողովի անդամ եմ արդեն 5-րդ տարին: Մասնակցում եմ քննություններին՝ գտնելու խելացի երիտասարդների: Գրեթե չկա մի բուհ, որ նամակ գրի մեզ, ցանկություն հայտնելով, որ ուսանողները պրակտիկա անցնեն ու մենք մերժենք: Անգամ պրակտիկայի ավարտից հետո երիտասարդները շարունակում են հետևել գործի քննությանը: Մեր դռները միշտ բաց են համագործակցության համար:
Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի
Մտահղացման հեղինակ՝ Կարեն Զադոյան