Կարևոր տեղեկատվություն բողոքարկման իրավունքի վերաբերյալ

Թերևս հաճախ է հանդիպում, երբ առաջանում են խնդիրներ դատական բողոքարկման իրավունքի հետ կապված, մասնավորապես, երբ ուշ եք ստանում դատական ծանուցագրերը դատարանի կայացրած որոշումների վերաբերյալ, արդյունքում վերադաս դատարանի կողմից ստանում եք բողոքը վերադարձնելու մասին որոշում։

Սույն հարցի իրավակարգավորմանը անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ 1052 որոշմամբ.

«Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար»:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ կողմը պետք է ունենա ողջամիտ ժամկետ դատական ակտն ստանալուց կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ ունենալուց, նրան պաշտոնապես հասանելի լինելուց հետո հիմնավոր բողոք ներկայացնելու համար:

Այս իրավական դիրքորոշումը կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, սակայն որպես այդպիսին վերաբերելի է և ենթակա է կիրառման նաև իրավունքի մյուս ճյուղերում ևս։Այն վերահաստատվել է նաև ՀՀ–ում օրենքի միատեսակ կիրառություն ապահովող ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներում։

Այսպիսով, վերը ներկայացված իրավական դիրքորոշման լույսի ներքո գալիս ենք այն եզրահանգման, որ դատական ակտի, մասնավորապես` դատավճռի բողոքարկման մեկ ամսյա ժամկետի հաշվարկը ոչ թե պետք է սկսել դատական ակտի հրապարակման պահից, այլ այդ դատական ակտը ստանալու պահից։

Հետևաբար, այն դեպքերում, երբ կստանաք դատարանի կողմից որոշում` ներկայացված բողոքը վերադարձնելու մասին, ապա նախ պարզեք, թե արդյոք դատարանը ճիշտ է հաշվարկել բողոքարկման ժամկետները` Ձեր կողմից դատական ակտը ստանալու պահից, թե ոչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել