Ո՞ր պայմանների դեպքում է դադարեցվում բնակարանի վարձակալությունը

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 675-րդ հոդվածը սահմանում է այն պայմանները, որոնց առկայության դեպքում  կողմերի համաձայնությամբ ընդհանուր կարգով պայմանագրի դադարեցման կարգից բացի նախատեսվում է նաև պայմանագրի դադարեցման կարգ՝ կողմերի միջև համաձայնության բացակայության դեպքում:

Այսպես, բնակելի տարածության վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող մյուս քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն ցանկացած ժամանակ լուծելու վարձակալության պայմանագիրը` երեք ամիս առաջ գրավոր նախազգուշացնելով վարձատուին:

Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վարձատուի պահանջով կարող է լուծվել դատական կարգով, եթե`
1) վարձակալը պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո ավելի քան երկու անգամ չի վճարել բնակելի տարածության վարձավճարը.
2) վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, քանդել կամ փչացրել են բնակելի տարածությունը:

Եթե բնակելի տարածության վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, բնակելի տարածությունն օգտագործում են դրա նշանակությանը անհամապատասխան կամ պարբերաբար խախտում են հարևանների իրավունքները և շահերը, վարձատուն իրավունք ունի վարձակալին նախազգուշացնելու խախտումները վերացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև դատական կարգով լուծելու բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը:

Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կողմերից յուրաքանչյուրի պահանջով կարող է լուծվել դատական կարգով`
1) եթե բնակելի տարածությունը դադարում է բնակության համար պիտանի լինելուց, ինչպես նաև դրա վթարային վիճակի դեպքում.
2) օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել