7 անձի մահվան ելքով ավտովթարի մեջ մեղադրվողի ճառը զայրացրեց տուժողների հարազատներին

Օգոստոսի 06-ին ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Կամազ»-ի և «Գազել»-ի ավտովթարի գործով դատական նիստը: Գործի քննությունը սկսվեց մեղադրող դատախազ՝ Ա. Ավետիսյանի մեղադրական ճառով:

Նա ներկայացրեց 2014թ. նոյմբերի 10-ին տեղի ունեցած դեպքի մանրամասները, այն դիտարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, անդրադարձավ գործով տուժողների, վկաների նախաքննության ու դատաքննության ընթացքում տված ցուցմունքներին, փորձաքննությունների եզրակացություններին, խոսեց ամբաստանյալի մեղքը ծանրացնող ու մեղմացնող հանգամանքներից: Նա ասաց, որ որպես մեղքը ծանրացնող հանգամանքներ առկա չեն, իսկ մեղմացնող էր հանդիսանում դրական ու լավ բնութագիրը, խնամքին մինչև 14 տարեկան անչափահաս ու հաշմանդամ երեխա ունենալը:
Մեղարդական ճառի ավարտին ամբաստանյալ Մ. Վարդանյանին մեղսագրվող արարքում միջնորդեղ դատարանին նրան մեղավոր ճանաչել ամբողջությամբ ու խնդրեց նրան դատապարտել ազատազրկման 9 տարի ժամկետով, զրկելով վարորդական իրավունքից 3 տարի ժամանակով, իսկ տուժողների կողմից ներկայացված քաղ. հայցերը թողնել առանց քննության՝ իրավունք վերապահելով հետագայում դրանք ներկայացնելու: Մեղադրողի ճառը տևեց մոտ 2 ժամ:

Այնուհետև կարճ ճառերով հանդես եկավ տուժող Հասմիկ Հովհաննիսյանի ներկայացուցիչ՝ Ռ. Մովսիսյանը, տուժողի իրավահաջորդներ՝ Հասմիկ Մկրտչյանն ու Գուրգեն Թումանյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ Գ. Գևորգյանը:

Իր պաշտպանական ճառը պաշտպան Լիանա Բալյանն ավելի կարճ ներկայացրեց, քանի որ դատախազի կողմից արդեն բավականաչափ մանրամասն ներկայացվել էր ամբողջ գործը: Լ. Բալյանը դատարանի ուշադրությանը ներկայացրեց այն հանգամանքները, որ բացի գործում առկա ու փորձաքննություններով տրված թերություններին, գործի ոչ ամբողջական ու բազմակողմանի քննությանը, դեպքին նաև նպաստել են ճանապարհային համապատասխան նշանների բացակայությունը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանը «Գազել»-ի վարորդի կողմից: Վերջում նա միջնորդեց իր պաշտպանյալին արդարացնել ամբողջությամբ:

Ամբաստանյալ Մանվել Վարդանյանը իր ճառում նշեց. «Ի սկզբանե ես ինձ մասնակի մեղավոր եմ ճանաչել նրանում, որ չեմ զիջել ու նախկինում էլ բազմակի անգամ անցնելով նույն խաչմերուկով ասել, որ «Կանգ» նշանի տեղադրությունը սխալ է, միևնույնն է տեսադաշտը փակ է: Ինձ մեղսագրվող արարքում ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Դրանից հետո ռեպլիկով հանդես եկան տուժողներին իրավահաջորդները, ովքեր վրդովվել էին իրեն մեղավոր չճանաչելու ամբաստանյալի խոսքերից: Դրանից հետո պաշտպան Լ. Բլյանը ներկայացրեց, որ ներկայումս քննչական բաժնում քննվում է իր վրա «Տրանս Ակնթարթ» ԱՊԸ տնօրեն Անահիտ Խալաթյանի հարձակվելու գործը, որի հիմքով այսօր առերեսում կատարելու համար գործի քննությունը սկսվեց 30 րոպե ուշացումով: Բացի այդ նշեց, որ հիմքեր ունի կասկածելու, որ վերջինս ճնշում է գործադրում տուժողների վրա, որպեսզի վերջիններս սուտ ցուցմունք տան:

Դատարանը դիմեց ամբաստանյալին վերջին խոսքով հանդես գալու համա: Մ. Վարդանյանը նշեց, որ պատրաստ չէ ու միջնորդեց իրեն տրամադրելու 3 օր ժամանակ: Դատարանը բավարարեց միջնորդությունը ու հերթական դատական նիստ նշանակեց 2015թ. օգոստոսի 11-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել