Ինչպե՞ս է որոշվում վարորդների սթափության վիճակը

ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշմամբ հաստատվում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը:

Այսպես, վարորդի սթափության վիճակի զննություն կատարվում է այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է քրեական կամ վարչական պատասխանատվություն ալկոհոլ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութ գործածելու և այդ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար` իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի և կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն: Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձանց կողմից:

Բուժհաստատությունների շուրջօրյա աշխատանքի բացակայության դեպքում, աշխատանքային ժամից դուրս, ինչպես նաև հանգստյան, հիշատակի և տոնական օրերին վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է շտապօգնության ծառայությունների կողմից:

Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բուժհաստատության ղեկավարի հրամանով նշանակված բժշկի կամ ստորաբաժանման կողմից: Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի հայտնաբերման հետազոտությունները, համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի, իրականացվում է պետական պատվեր տեղադրող մարմնի և բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորված անձի միջև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման մասին պայմանագրի հիման վրա: Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, նյութերի հայտնաբերման հետազոտությունները` կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն իրականացվում են վճարովի:

Վարորդների սթափության վիճակի զննության կարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման 1-ին հավելվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել