Արհեստական ընդհատումը համարվում է կյանքի իրավունքի խախտում. նման դիրքորոշում է հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանն` իր նախադեպային որոշման մեջ: Այս մասին հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը Շիրակի մարզի փաստաբանների, իրավաբանների և իրավապաշտպանների համար «Կանանց իրավունքները» թեմայով Գյումրիում կազմակերպված ուսուցման ժամանակ:
Ս. Սողոմոնյանը ներկայացրեց կանանց վերարտադրողական առողջության իրավունքները, այդ թվում նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքում իրավական խնդիրները: Ուսուցումը կազմակերպվում է «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:
Ներկայումս սեռով պայմանավորված աբորտների հետևանքով Հայաստանում տղա և աղջիկ երեխաների թվի հավասարակշռությունը խախտված է` հաճախ աղջիկները չեն ծնվում իրենց սեռի պատճառով:
Ինչպես հայտնի է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` կնոջ դիմումի համաձայն աբորտը թույլատրվում է հղիության մինչև 12 շաբաթականը, իսկ բժշկական ցուցմունքների դեպքում` մինչև 22 շաբաթականը: Իսկ ահա կառավարությունը նախագիծ է մշակել, որի համաձայն` մինչև 22 շաբաթական հղիության դեպքում պտղի սեռի վերաբերյալ ինֆորմացիա չպիտի տրվի և օրենքը խախտելու դեպքում սանկցիաներ են սահմանվում մինչև 250 հազար դրամի տուգանք:
Սակայն Ս. Սողոմոնյանի խոսքով, այդ սանկցիաները բավականին մեղմ են և ցանկալի կլիներ, որ նախատեսվեին նաև որոշակի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելում կամ պաշտոնազրկություն:
Ուսուցման մասնակիցները բավականին ակտիվ քննարկեցին թեման: Գյումրիում գործող «Իրավաբանական կլինիկա» ՀԿ նախագահ Անահիտ Ստամբոլցյանը պատմեց, որ նախադպրոցական տարիքի իր թոռնիկի մանկապարտեզի 20 հոգանոց խմբում միայն մեկ աղջիկ կա:
ՀԵԻԱ իրավախորհրդատու, փաստաբան Մարիամ Զադոյանը սեմինարի ավարտին ներկայացրեց նաև միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունները` կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիները:
Հիշեցնենք, որ ուսուցումն կազմակերպվել է «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ: