Մեր օրերում քիչ չեն այն դեպքերը, երբ ձեր ծանոթին, բարեկամին, ընկերոջը պարտքով գումար եք տալիս: Իրավական հարաբերություններում դա կոչված է անվանել փոխառության պայմանագիր: Այսպես, երբ փոխատուն՝ փոխառության պայմանագրի մեկ կողմը, փոխառուի՝ փոխառության պայմանագրի մյուս կողմի սեփականությանն է հանձնում դրամ կամ այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք, դա կոչվում է փոխառության պայմանագիր:
Փոխառության պայմանագիրը կնքվում է միայն գրավոր և կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ: Այսպիսով, փոխառության պայմանագրի կնքման փաստը հավաստվում է գումար ստացողի կամ այլ կերպ ասած փոխառուի տված ստացականով կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթղթով:
Փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում:
Փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին: