Ակտիվիստն անհիմն է համարում բերման ենթարկելու փաստը

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 12-ին շարունակվեց էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի դուրս եկած ակտիվիստ Նարեկ Հակոբյանի գործով դատական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Դատարանում հարցաքննվեց ակտիվիստ, վկա Հարություն Աղլամազյանը, ով փոխանցեց, որ Նարեկ Հակոբյանին ճանաչում է այլ ակցիաներից:

Վկան անհիմն համարեց նախորդ տարի հունիսին իրենց բերման ենթարկելու փաստը: Հարություն Աղլամազյանը պնդում էր, որ ոստիկանները ոչ մի կոչ չեն արել տարածքը ազատելու համար. «Ոստիկանները պարզապես հանգիստ կանգնած ակտիվիստների ձեռքերից և ոտքերից բռնում էին, դնում ոստիկանական մեքենան և տանում բաժին»,- նշեց նա՝ հավելելով, որ ոչ մի բռնություն չի տեսել Նարեկի կողմից, ավելին՝ աշխույժ ոչ մի գործողություն չի նկատել:

Հիշեցնենք, որ Նարեկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 23-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության սերժանտ Կ. Սաղաթելյանի նկատմամբ, նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այդ ակցիաներն ուղղված էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:

Ամբաստանյալի պաշտպանը ժամանակ խնդրեց, որպեսզի գործում առկա փաստաթղթերը ներկայացնի հաջորդ  նիստին:

Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ ժամանակ տրամադրելով փաստաթղթերի հետազոտմանը նախապատրաստվելու համար: Դատական նիստը հետաձգվեց:

Գայանե Գևորգյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել