Ներկայումս բավականին հաճախ կարելի է լսել տարբեր զանգվածային տեղեկատվական միջոցներով ակտիվ կերպով իրականացվող բազմազան և բազմաբնույթ դեղերի գովազդ, սակայն արդյո՞ք այդ գովազդը իրականացվում է օրենքով ամրագրված կանոնների խստիվ պահպանմամբ։
Այսպես, «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30–ի ՀՀ օրենքի 15–րդ հոդվածի համաձայնամրագրված է, որ դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը: Հայաստանի Հանրապետությունում արգելվում է դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով:
Միևնույն ժամանակ, բուժտեխնիկան եւ բուժական մեթոդները զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: