ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 49–րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական կացության ակտերը գրանցում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում (ակտերի գրքեր) համապատասխան գրառումներ կատարելու և այդ գրառումների հիման վրա քաղաքացիներին վկայականներ տալու միջոցով:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, բավարար հիմքերի առկայության ու շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքերում, ուղղում և փոփոխում է քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումները:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 18–ի ՀՀ օրենքի 4–րդ հոդվածից վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում անձի ծննդյան իրավաբանական փաստի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, ինչպես նաև դրանցում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը և վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրականացնում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինները:
Բացի այդ նույն հոդվածի վերլուծությունից բխում է նաև, որ ծննդի պետական գրառման մեջ փոփոխությունը, լրացումը կամ ուղղումը կարող են կատարվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող` ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատում:
Հավելենք նաև, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 49–րդ հոդվածի` շահագրգիռ անձանց միջև վեճի առկայության կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից գրառման ուղղումը կամ փոփոխումը մերժելու դեպքում վեճը լուծում է դատարանը: