«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս պահանջատիրոջը կամ պարտապանին դատական ակտը կատարել այլ ժամկետների ընթացքում: Այսպես, 22-րդ հոդվածում սահմանվում է, որ կատարողական թերթ տված դատարանը, պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով, իրավունք ունի հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, փոփոխել դրա կատարման եղանակը և կարգը:
Դատարանը, ստանալով կողմի դիմումը, մինչև դրա ըստ էության քննությունը, որոշում է կայացնում կատարողական վարույթը կասեցնելու մասին:
Պարտապանին տրամադրելով կատարման հետաձգում կամ տարաժամկետում` դատարանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, կարող է միջոցներ ձեռնարկել դատական ակտի կատարումն ապահովելու համար:
Դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակը և կարգը փոփոխելու մասին դիմումները դատարանը քննում է դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել: