Մեծ Բրիտանիայում, կասկածյալն ինքնաբերաբար ազատության մեջ է հայտնվել, քանի որ նրա հանցանքը հիմնավորող միակ ապացույցն աճուրդում վաճառվել է: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը:
Կումբրիայի 29-ամյա բնակիչ Ջոն Անդերսոնի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նրա բնակարանում հայտնաբերվել է 2.500 ֆունտ սթերլինգ արժողությամբ հեծանիվ, որն անցյալ տարվա ապրիլ ամսին անհետացել էր հեծանիվների խանութից: Հեծանիվն անմիջապես ոստիկանություն է տեղափոխվել, սՍակայն վեց ամիս անց, խանութի սեփականատերը հայտնել է, որ գնորդներից մեկը ներկայացել է ճիշտ նույն հեծանիվով՝ որևէ մաս գնելու համար: Վերջինս հավաստիացրել է, որ հեծանիվը օրինական ճանապարհով ձեռք է բերել աճուրդի ժամանակ:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ Կումբրիայի ոստիկաններն աճուրդի ժամանակ վաճառել են միակ ապացույց հանդիսացող հեծանիվը:
Այսպիսով մեղադրյալի նկատմամբ ապացույցների բացակայության պատճառով դատական գործը կասեցվել է:
Ոստիկանները հավաստիացրել են, որ սխալմամբ են վաճառել ապացույց հանդիսացող հեծանիվը և ներողություն են խնդրել խանութի սեփականատիրոջից:
Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը
Իրավաբան.net