Գրասենյակային մենեջերը հանդես է եկել որպես ատամնաբույժ և ընդունել մի շարք հիվանդների

Նյու Յորքի 45-ամյա բնակչուհի Վալբոնա Զերիաջը դատարանի առաջ է կանգնել երկու ինքնությամբ հանդես գալու համար: Այս մասին հայտնում է ամերիկյան The Washington Post պարբերականը:

Բանն այն է, որ Վալբոնա Զերիաջը, Բրոնքս շրջանում գտնվող ատամնաբուժարաններից մեկում մենեջեր է աշխատել, սակայն ամեն անգամ, երբ իրական ատամնաբույժը գործնական հանդիպումների պատճառով քաղաքից բացակայել է, նա հագել է բժշկական սպիտակ խալաթը և որպես ատամնաբույժ հանդես եկել:

Վալբոնա Զերիաջը այցելությունների օրեր է նշանակել և նույնիսկ որոշ հիվանդների համար զեղչեր սահմանել: Վերջինս հիվանդների ճառագայթային ախտորոշում է կատարել, ցավազրկման միջոցով անզգայացրել և ատամի լիցք արել:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ 45-ամյա կինն «ատամնաբույժի գործունեությամբ» զբաղվել է 2012 թվականից մինչև 2013 թվականը:

Ատամնաբուժարանի իրական բժիշկի` Ջեֆֆրեյ Շոնգոլդի մոտ կասկածներ են առաջացել այն բանից հետո, երբ մի շարք հաճախորդներ սկսել են բողոքել ատամնային սուր ցավերից:

Զերիաջը դատարանում պնդել է, որ Ալբանիայում ատամնաբույժի դասընթացներ է անցել, սակայն իրավապահները դրա վերաբերյալ ոչ մի գրավոր ապացույց չունեն:

Կնոջը մինչև 7 տարվա ազատազրկում է սպասվում:

Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել