Կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը տվյալ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի: Ըստ այդմ՝ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը, իսկ փոխադրամիջոցի օտարման դեպքում՝ մինչև փոխադրամիջոցի օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցելը։
Հաշվառող մարմնի կողմից փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե:
Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկիգումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե: