Պորբացիոն ծառայությունը մայիս ամսի վերջից սկսելու է աշխատել պիլոտային կարգով: Այսօր` ապրիլի 17-ին պրոբացիոն ծառայության ներդրման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստին հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Նա հավելեց, որ մինչև տարեվերջ կընդունվեն անհրաժեշտ օրենսդրական ակտերն ու ծառայությունը կգործի որպես պետության պատասխանատու մարմին:
Ըստ փոխնախարարի` այս ծառայությամբ նպատակ է դրվում կրճատել կալանավորումը՝ որպես խափանման միջոց, ինչպես նաև համապատասխան հիմնավորումների և երաշխիքների առկայության դեպքում նվազեցնել ազատազրկման կիրառումը՝ որպես պատժատեսակ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵԽ ծրագրերի ղեկավար Դոնչե Բոշկովսկին: Նա նշեց, որ հանձնաժողովի կազմը բազմամասնագիտական է և ընդգրկում: Պարոն Բոշկովսիկն ասաց, որ ԵԽ-ն լիահույս է, որ ծրագիրը բարեհաջող կերպով կշարունակվի:
Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում Սուրեն Քրմոյանը անդրադարձավ պրոբացիոն ծառայության մասին հայեցակարգի նախագծին, որը երեկ հանվեց կառավարության նիստի օրակարգից. «Մի փոքր քննարկման խնդիր կա կառավարության աշխատակազմում, սակայն գտոնւմ եմ, որ մոտակա նիստին այդ հարցը կքննարկվի և հավանությանը կարժանանա»,- ասաց փոխնախարարը:
Իրավաբան.net-ի այն հարցին, թե ի՞նչ վիճահարույց կետեր կան, որի պատճառով էլ հարցի քննարկումը հետաձգվեց, նախարարի տեղակալը պատասխանեց. «Բոլորովին նոր համակարգ է ներդրվում, որը փոխարինելու է քրեական արդարադատության ոլորտում գործող շատ մեխանիզմներին: Բազմաթիվ հարցեր են քննարկվել, սկսած պրոբացիոն ծառայության կողմից՝ սկսած պրոբացիայի ծառայության կողմից ապագայում տրվող խափանման միջոցների վերաբերյալ եզրակացությունների, ինչու չէ նաև պատժի վերաբերյալ տրվող եզրակացությունների անհրաժեշտության, այդ ծառայության կադրային ներուժի հետ կապված»:
Խոսելով բյուջետային հատկացումներից՝ արդարադատության նախարարի տեղակալն ասաց, որ ծառայության գործունեության տարեկան արժեքը կլինի շուրջ 600 մլն դրամ, առաջին տարում՝ մոտ 240 մլն ՀՀ դրամ նախատեսվում է ներդնել ծառայության գործարկման համար. «Բայց այդուհանդերձ այս ծառայության ներդրումը շահավետ կլինի պետական բյուջեի համար»,- եզրահանգեց պարոն Քրմոյանը:
Կարդացեք նաև՝ «Պատիժը հավասար չէ ազատազրկման». պրոբացիոն ծառայությունը կոտրում է արմատացած կարծրատիպը
Գևորգ Թոսունյան