Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են նախ և առաջ երկրի քաղաքացիներին: Նման համոզմունք ունի Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Այսօր` ապրիլի 15-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան համատեղ կազմակերպել էին քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում» խորագրով:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Դր. Ջանան Աթիլգան:
Նա կարևորեց մեր երկրում սահմանադրական բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանք նոր հնարավորություններ են տալիս՝ Հայաստանում ժողովրդավարության զարգման համար: Նա ակնկալեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը քննարկմանը և նրանց առաջարկների տրամադրումը, որոնք առավել արդյունավետ հիմքերի վրա կդնեն սահմանադրական բարեփոխումները:
Կարեն Զադոյանն իր ելույթը սկսելով` հիշատակեց, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանձնաժողովի առջև խնդիր է դրվել` փաստաթուղթն ակտիվորեն քննարկել քաղաքական կուսակցությունների հետ, մինչդեռ սահմանադրական բարեփոխումները նախ և առաջ պետք է միտված լինեն հասարակությանը, իսկ քննարկման թիրախում հարկավոր է` լինեն ՔՀԿ ներկայացուցիչները. «Մեր կազմակերպության կարծիքով` սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտ են երկրի քաղաքացիներին: Մենք մեր գործընկեր՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ միասին փորձեցինք փոքրիկ միջոցառում կազմակերպել, որի հիմնական խնդիրն է քաղաքացիական հասարակության դերը սահմանադրական բարեփոխումների գործընթացում՝ ինչպե՞ս պետք է քաղաքացիական հասարակությունը մասնակցի այդ բարեփոխումներին և ի վերջո՝ ինչ է ստանալու այդ բարեփոխումների արդյունքում»,- նշեց Կարեն Զադոյանը:
Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ ԵՄ ծրագրերի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, նա անդրադարձավ մի շարք երկրներում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներին, այդ թվում` Վրաստանի փորձին:
Փորձագետը շեշտեց գործընթացի թափանցիկության ապահովումը` նշելով, որ սահմանադրական բարեփոխումները երկկողմանի գործընթաց է. «Կարևոր է իմանալ, թե, ով է վերահսկում գործընթացը: Շատ երկրներում, որտեղ որ սկսվում են սահմանադրական բարեփոխումները, դրանք իրականացվում են իշխող կուսակցության կամ էլ կառավարության միջոցով, քանի որ կառավարությունը ցանկանում է վերահսկել այն: Ուստի նման դեպքերում կա խիստ սահմանափակ հնարավորություն մասնակցել այդ գործընթացին»:
Պարոն Ուլբրիխտը նաև ներկայացրեց հակառակ իրավիճակը. «Երբեմն առաջանում է հարցը, օրինակ` մենք ընդունեցինք ՔՀԿ-ի հարցերը, նրանք ներկայացնում են տեսակետներ, բայց ինչքանո՞վ են այս կազմակերպությունները հաշվետու հասարակության առջև, կա՞ արդյոք հստակ կապ ՀԿ-ների և հասարակության միջև: Անհրաժեշտ է գնալ շրջաններ ու քննարկումներ կազմակերպել տեղերում, որ հնարավոր լինի դինամիկ գործընթաց իրականացնել»:
Փորձագետը խոսեց ՀԿ-ների ներուժից՝ նշելով, որ երբեմն քաղաքացիական հասարակության ձայնը ներկայացնող կազմակերպություններին պակասում են մասնագիտական հմտություններ. «Անհրաժեշտ են փորձագիտական հմտություններ, միշտ չէ, որ իրավական դաշտի բոլոր ՀԿ-ները փորձագիտական գիտելիքներ ունեն սահմանադրական բարեփոխումների ոլորտում»,- ասաց պարոն Ուլբրիխտը: Իսկ ՔՀԿ-ների ներուժն ավելացնելու համար նա առաջարկեց կազմել կոալիցիաներ կամ էլ միանալ արդեն իսկ եղածներին. «ԱՄՆ-ի նախագահներից մեկը ժամանակին ասել է, թե ուզում ենք խոսալ Եվրոպայի հետ, ո՞ւմ հետ պետք է խոսենք, տվյալ դեպքում կազմակերպությունները կարող են ձևավորել կոալիցիաներ և մասնակցություն ունենալ գործընթացին, ինչը ավելի կուժեղացնի նրանց ազդեցությունը»:
Պարոն Ուլբրիխտը նաև խնդրին մոտեցավ մեդալի հակառակ կողմից. «Սահմանադրական բարեփոխումները կարող են բերել ավելի վատ հետևանքների: Երկրում հիմնական բարեփոխումները կարող են կատարվել նաև առանց երկարատև սահմանադրական բարեփոխումների ճանապարհը անցնելու»,- նշեց փորձագետը:
Նա նաև թվեարկեց վստահության մթնոլորտը բարելավող գործողությունները:
Բանախոսներից Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշեց, որ անհրաժեշտ է բարեփոխումների շրջանակներում ստեղծել անկախ հակակոռուպցիոն հանձնաժողով. «Եթե այդպիսի մարմինը սկսի գործել, միգուցե` ինչ-որ չափով բարելավի իրավիճակը կոռուպցիայի նվազման հարցում»,- ընդգծեց բանախոսը: Նա նաև առանձնացրեց մի խնդիր, ըստ որի ընդունված օրենքներն ու իրավական այլ ակտերը գործնականում չեն կիրառվում:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի հայաստանյան ղեկավար, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը անդրադարձավ բարեփոխումների հիմքում դրված կառավարման համակարգերի փոփոխման մոդելներին, նա կարևորեց պառլամենտական համակարգն` ընդգծելով.«Ի՞նչ է տալու կառավարման խորհրդարանական համակարգն իշխանությունների գերկենտրոնացվածության տեսանկյունից: Գործող համակարգում բոլորը ըստ էության կախված են նախագահից, վարչապետական կամ պառլամենտական համակարգի պարագայում կոլեկտիվ կառավարումը մեծանում է: Կառավարման խորհրդարանական համակարգը թույլ է տալիս բարձրացնելու կուսակցությունների դերը, առանց որի մենք կախված ենք մեկ անձից, տվյալ պարագայում երկրի նախագահից: Պառլամենտական համակարգում խոցելիության աստիճանը նվազում է, բայց անգամ այս համակարգը չի կարող 100 տոկոս երաշխիքներ տալ, որ անցումից հետո երկիրը զարգանալու է ժողովրդավարության տեսանկյունից»,- նշեց մասնագետը` մեջբերելով հայեցակարգից հատված, ըստ որի` այս փոփոխությունները, ըստ էության, անցումային բնույթ են կրում, և դրանց կիրառության արդյունավետությունը բխում է քաղաքական առողջ մշակույթից:
Ուստի նա ասաց. «Եթե մենք չունենանք քաղաքացիական ակտիվություն, մենք չենք կարող ձևավորել քաղաքական մշակույթ, եթե չկան քաղաքացիական հակակշիռներ իշխանության դեմ, միևնույն է այդ վտանգը մեծանում է: Եթե մենք ընդամենը ասելու ենք, որ հայեցակարգը վատն է, որ նրա նպատակը իշխանության վերարտադրությունն է, ապա լավագույն դեպքում որպես քաղաքացիական հասարակություն մենք հասնելու ենք նրան, որ մնալու է այն, ինչ-որ կա: Լավ սահմանադրությունն այն է, որ հնարավորինս խոչընդոտներ է ստեղծում վատ կառավարության համար և հնարավորություն է տալիս քաղհասարակությանը ինքնարտահայտվել»,- եզրահանգեց փորձագետը:
Խոսելով հակակոռուպցիոն հանձնաժողովից, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը նշեց. «Հակակոռուպցիոն հանձնաժողովը կամ մարմինը կարող է այդ կարգավորող անկախ հանձնաժողովներից մեկը լինել, դրանց ձևավորման ընդհանուր գծերը մենք քննարկել ենք: Կարծում եմ, որ սահմանադրության նախագծերում այն իր արտացոլումը կգտնի, մենք դա պետք է դիտարկենք ամբողջ համակարգի շրջանակներում»:
Քննարկմանը զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական Անահիտ Մանասյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և Պետական կառույցների հետ համագործակցության հանրային ցանցի համակարգող Թամարա Աբրահամյանը:
Քննարկումը փակելով Կարեն Զադոյանը ընդգծեց. «Սա հազվադեպ միջոցառում է: Պետք է ասել, որ սառույցը կոտրվեց. քաղաքացիական հասարակությունը պետք է անպայման մասնակցի սահմանադրական բարեփոխումներին, ձևերն ու մեթոդներն զեկուցողներն ասացին»:
Գևորգ Թոսունյան