Իրավունքի գերակայությունը պաշտպանող երաշխիքներ կմշակվեն Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով. Արամ Վարդևանյան

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում կան իրավունքի գերակայության ապահովման տեսանկյունից նոր մոտեցումներ, որոնք ողջունելի են. Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանըև շեշտեց, որ ավելի հստակ դիրքորոշում ունենալու համար պետք է տեսնել նոր Սահմանադրության նախագիծը. «Հայեցակարգը, դիվանագիտական լեզվով ասած, ճանապարհային քարտեզն է»:

Սահամանդրությունում ներդրվող դրական մոտեցումներից մեկը Արամ Վարդևանյանը համարում է այն, որ Սահմանադրությամբ կամրագրվեն յուրաքանչյուր իրավունքի սահմանափակման կոնկրետ հիմքերը. «Ինչպես սեփականության իրավունքի դեպքում, երբ սահմանափակման հիմքերը նշված են հենց Սահմանադրությունում, պատկերացրեք, այդպես մյուս իրավունքների մասով մարդիկ հստակ կիմանան, թե կարող են վիճարկել իրենց իրավունքի սահմանափակումը, թե` ոչ»,- ասաց Ա. Վարդևանյանը:

Մյուսը վերաբերում է հանրաքվեների անցկացմանը. հայեցակարգի համաձայն` հանրաքվեներ կանցկացվեն ավելի հաճախ, օրինակ, միջազգային կառույցներին Հայաստանի կողմից անդակցության հարցը որոշելու համար. «Այսինքն մենք գնալու ենք այն ուղղությամբ, երբ ավելի ակտիվ է լինելու քաղաքացիական հասարակությունն ու ավելի ակտիվ մասնակցություն է ունենալու առանցքային որոշումների ընդունմանժամանակ»:

Արամ Վարդևանյանը կարևորում է նաև այն, որ, հայեցակարգի համաձայն, իրավունքի գերակայությունը ոչ միայն ամրագրված է լինելու սահմանադրությամբ, այլև մշակվելու են երաշխքիներ և մեխանիզմներ` այն պաշտպանելու և իրացնելու ուղղությամբ:

Տարակարծությունները շատ են երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման վերաբերյալ: Կան տեսակետներ, որ այն չի կարող արդյունավետ գործել, քանի որ փոքր պետությունում շատերը շատերին ճանաչում են և օբյեկտիվ ու վստահելի չեն կարող լինել ատենակալները.

«Երդվյալ ատենակալների ինստիտուտը կյանքի կոչվելու իրավունք պետք է ունենա, դա այն ինստիտուտներից է, որ այդպես էլ ՀՀ-ում չի կիրառվել: Տեսական մակարդակով կարող ենք շատ քննարկել,  սակայն քանի դեռ չենք տեսել գործնականում, օբյեկտիվ գնահատական տալ չենք կարող տալ»,- Արամ Վարդևանյանը հավելեց նաև, որ նախնական փուլում կարելի է փորձնական ծրագրով որոշ դեպքերի համար ներդնել այն, և դրական արդյունքների դեպքում ընդլայնել կիրառման շրջանակը:

Իսկ ինչ վերաբերում է ատենակալների հանդեպ անվստահությանը, ապա մեր զրուցակցի խոսքով, այդ դեպքում չպետք է վստահել որևէ պատգամավորի, դատավորի և այլ պաշտոնյաների նույն պատճառաբանությամբ, որ փոքր երկիր է, բոլորը միմյանց ճանաչում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել